Դինքը Թուրքիայի Մարտին Լյութեր Քինգն է. Թաներ Աքչամ

Հրանտ Դինքը Թուրքիայի Մարթին Լյութեր Քինգն էր, ով պայքարում էր խտրականության դեմ’ հանուն հավասարության և ազգային միասնության: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական Taraf պարբերականում հրապարակած հոդվածում այսպես է Դինքին բնութագրել հայտնի թուրք պատմաբան Թաներ Աքչամը: Նա առաջարկել է ամեն տարվա սեպտեմբերի երկրորդ կամ երրորդ երկուշաբթին հայտարարել Հրանտ Դինքի օր’ այնպես, ինչպես ԱՄՆ-ում Մարտին Լյութեր Քինգի օր է համարվում հունվարի երրորդ երկուշաբթին:

«Այժմ ապրում ենք բռնատիրական վարչակարգից ավելի ժողովրդավար հասարակությանն անցնելու մի ցավոտ շրջան: Հասնում ենք տասնյակ տարիներ ձգվող թուրք-քրդական պատերազմի վերջին: Անցյալում Թուրքիային պահող խորհրդանիշերը բնակչության միայն մի մասին էին պատկանում: Այժմ այդ խորհրդանիշերը չկան: Հրանտն այս նոր ազգի խորհրդանիշն է»,- գրում է Թաներ Աքչամը:

Խոսելով ամեն տարի Դինքի մահվան տարելիցին հավաքվող հսկայական ամբոխի մասին’ թուրք պատմաբանն արձանագրում է, որ նման երևույթն առաջինն է Թուրքիայի պատմության մեջ: «Ո՞րն է սրա գաղտնիքը, երբևիցե մտածե՞լ եք: Արդյոք նրա անունն անգամ չի՞ լռեցնում նրանց, ովքեր մասնատված են, ատում են իրար և ցանկանում են ամեն հարմար պահի իրար խեղդել: Նրա անունը ցավեցնում է մեր սիրտն այնպես, ասես նրա սպանությունը հարվածել է մեր մարդկայնությանը»,- գրել է Աքչամը’ նշելով, որ կատարվածը Թուրքիայի հանրապետական պատմության ամենածրագրավորված սպանությունն էր, որին մասն ակցել էին պետական բոլոր մարմինները:

«Այս հողերի վրա թուրք լինելը մասամբ խորհրդանշում է հայերի ոչնչացումը: Մեր գոյությունը հնարավոր դարձավ նրանց ոչնչացմամբ: Կարծես Դինքն իր բացակայությամբ մեզ նորից գոյության մեջ է դնում: Քանի որ նա չկա, մենք կրկին չենք կարողանում ինքներս մեզ ճանաչել: Նրա բացակայությամբ ավելի ենք միավորվում: Մաքուր հանցագործություն իրականացրած պետության դիմաց Հրանտը ներկայանում է որպես մեկը, ով ձևավորեց մարդկային նոր հասարակություն: Հենց այս պատճառով էլ ասում եմ, որ Հրանտը նոր Թուրքիայի «ցեմենտ»-ն է և խորհրդանիշը: Տարին 365 օր ունի: 364-ը թող ձերը լ? ?նի: Այն մեկ օրն էլ Հրանտին տվեք»,- եզրափակել է իր հոդվածը Աքչամը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում