Լատվիայում եռօրյա սուգ Է հայտարարվել

Երեք օր՝ նոյեմբերի 23-ը, 24-ը եւ 25-ը, Լատվիայում սգո օրեր են հայտարարված Ռիգայի Զոլիտուդե միկրոշրջանի Maxima առեւտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է բալթյան հանրապետության կառավարության մամուլի ծառայությունը:

Այդ օրերին ամբողջ Լատվիայում կխոնարհվեն պետական դրոշները:

Զոլիտուդեի ողբերգությունը մարդկային զոհերի թվով խոշորագույնն Է անկախ Լիտվիայի պատմության մեջ:

Ներկայում հայտնի Է, որ առեւտրի կենտրոնի տանիքի փլվելու հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 33-ի: Զոհվածներից երեքը փրկարարներ են: Արտակարգ դրության վայրում աշխատում են 200 փրկարարներ եւ 200 ոստիկաններ: Տուժել Է 40 մարդ, որոնցից շատերը ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց:

Իշխանությունները հայտնել են, որ Հրշեջ-փրկարարական պետական ծառայության զոհված աշխատակիցների ընտանիքները, որոնք մասնակցել են փրկարարական գործողություններին, կստանան 50 հազարական լատ (100 հազար դոլար):

Ռիգայի Maxima առեւտրական կենտրոնում տանիքի փլուզման մասին հաղորդումը Պետական հրշեջ-փրկարարական ծառայությունն ստացել Է հինգշաբթի՝ երեկոյան ժամը մոտ վեցին. հենց այն պահին, երբ կենտրոնի խանութներն ընդունում են ամենամեծ թվով հաճախորդների: Ըստ զանգվածային լրատվամիջոցներին մատչելի տեղեկատվության՝ փլվել Է շուրջ 500 քառակուսի մետր մակերեսով տանիքը, ինչպես նաեւ շենքի պատերից մեկը: Ըստ տարբեր տվյալների՝ փլվածքների տակ կարող Է լինել մինչեւ 70 մարդ:

Առաջին փլուզումից մեկ ժամ անց, երբ փրկարարներն արդեն սկսել Էին տուժածների որոնման աշխատանքները, փլվել Է տանիքի երկրորդ մասը: Փլվածքների տակ են հայտնվել Պետական հրշեջ-փրկարարական ծառայության աշխատակիցները:

Լատվիայի ոստիկանությունը հարուցել Է քրեական գործ շինարարական նորմաների խախտման հոդվածով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում