Առևտրականները գրոհել են հարկային տեսչության պետի աշխատասենյակը

Այսօր՝ նոյեմբերի 30-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում, այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Մոտ 200-ից ավելի մանր և միջին բիզնեսով զբաղվող առևտրականներ բողոքի ակցիա են անցկացրել Աբովյանում: Նրանք Աբովյան քաղաքի հարկային տեսչության պետից պահանջում էին պարզաբանել, թե ինչու է տեսչությունն առևտրականներին հարկային տեռորի ենթարկում: Ֆոտոլրագրողի հետ զրույցում առևտրականները բարձրաձայնում էին, որ հարկայինի աշխատակիցները արհեստական խնդիրներ են ստեղծում իրենց համար. փորձում են «գործ սարքել» իրենց գլխին, ստիպում, որ ավել գումարներ վճարեն, իսկ ովքեր հրաժարվում են, սպառնում են հաշվեհարդար տեսնել՝ առևտրականներին սնանկացնելով: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հարկային տեսչության պետ Վարդան Սահակյանը հրաժարվեց ընդունել բողոքի մասնակիցներին, ում վերաբերմունքից նյարդայնացած կանայք ճեղքեցին հարկային տեսուչների պատնեշը և մտան պետի աշխատասենյակ:

Տեսնելով, որ իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից, Վ. Սահակյանն ահազանգեց ոստիկանություն, և կարճ ժամանակ անց այնտեղ ժամանեցին մեծ թվով ոստիկաններ: Ցուցարարները հայտարարեցին, որ չեն լքի շենքը, մինչև պետը չընդունի իրենց, սակայն Վ. Սահակյանը «երկու ոտքը դրած մեկ կոշիկի մեջ»՝ հրաժարվեց կատարել առևտրականների պահանջը՝ ասելով, թե «իմ գործողություններն օրինական են, պարզաբանումների համար էլ դիմեք պետեկամուտների նախարարության լրատվական ծառայությանը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում