Գյումրին պատրաստ է ռուս-հայկական միջտարածաշրջանային երրորդ համաժողովի բացմանը

Գյումրիում շուտով կմեկնարկի ռուս-հայկական միջտարածաշրջանային երրորդ համաժողովը, որին կմասնակցեն նաև Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համաժողովին ներկա են Ռուսաստանի և Հայաստանի իշխանությունների կենտրոնական, տարածաշրջանային, ինչպես նաև ոչ պետական մարմինների ներկայացուցիչներ, մոտ 500 գործարարներ: Համաժողովի կազմակերպիչներն են ՌԴ կողմից՝ ՌԴ նախագահի աշխատակազմը, Հայաստանի կողմից՝ ՀՀ նախագահի աշխատակազմը:

Համաժողովի ընթացքում նախատեսվում է պատվիրակությունների այց ՀՀ մարզեր, Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական հարցերի գծով միջկառավարական հանձնաժողովի հայ-ռուսական միջտարածաշրջանային համագործակցության հարցերով համատեղ աշխատանքային խմբի նստաշրջան: Համաժողովի ընթացքում ՀՀ և ՌԴ նախագահների կողմից նամականիշներ կմարվեն, ինչպես նաև լիարժեք շահագործման կհանձնվի Հրազդան ՋԵԿ-ի 5-րդ էներգաբլոկը, կցուցադրվի հայ-ռուսական բարեկամության տեսանյութ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում