ՀՀ Ազգային ժողովում կքննարկվի «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու նախագիծը

Ազգային ժողովի քառօրյա նիստերի օրակարգում է «Հայ ազգային կոնգրես» խմբակցության հարցապնդումը, որը կքննարկվի դեկտեմբերի 4-ին’ երկրորդ նիստի ընթացքում: Այս մասին քառօրյա նիստերի մեկնարկին տեղեկացրեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: «Ազգային ժողովի հինգերորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը բաղկացած է երեք մասից: Առաջին մասում ներգրավված են այն օրենսդրական նախաձեռնությունները, որոնց օրակարգը քննարկելու վերաբերյալ հանձնաժողովները տվել են դրական եզրակացություն, դրանք ինն են: Երկորրդ մասում ընդգրկված հարցեր չկան: Երրորդ մասում նշված են պարտադիր և ըստ անհրաժեշտության քննարկման հինգ հարց և չորս միջազգային պայմանագրեր, որոնք մտնում են հինգերորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգ առանց քննարկման: Տեղեկացնեմ, որ ՀՀ կառավարության կողմից անհետաձգելի համարված չորս հարցեր տեղ են գտնել ինչպես նստաշրջանի, այնպես էլ չորսօրյա նիստերի օրակարգի նախագծերի երկրորդ բաժնում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ’ ասաց Հովիկ Աբրահամյանը’ նշելով, որ ԱԺ մի քանի պատգամավորիների կողմից ներկայացվել է «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի ընդգրկումը մինչև մեկ տարի հետաձգելու մասին առաջարկությունը:

«Սոցիալական հարցերի հանձնաժողով է ստացվել նիստերի օրակարգում ԱԺ պատգամավորներ Հակոբ Հակոբյանի, Խաչիկ Հարությունյանի, Արմեն Մխիթարյանի, Վրեժ Մարկոսյանի, Ռուբեն Հովսեփյանի կողմից ներկայացված «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի ընդգրկումը մինչև մեկ տարի հետաձգելու մասին առաջարկությունը, հետաձգման վերաբերյալ որոշման նախագիծը բաժանված է բոլորիդ: «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն’ ԱԺ պատգամավորների մեկ երրորդի նախաձեռւթյամբ ներկայացվել է կուտա կային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը հետաձգելու հարցի վերաբերյալ ՀՀ ԱԺ հայտարարության նախագիծը: Այն ընդգրկվել է ինչպես ԱԺ նստարջանի, այնպես էլ չորսօրյա նիստերի օրակարգ և կքննարկվի Վերահսկիչ պալատի 2014 թվականի ծրագրերի քննարկումից հետո»,-նշեց ԱԺ նախագահը:

Հինգերորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշումն ընդունվեց 103 կողմ, 3 դեմ, 7 ձեռնպահ ձայներով:

Ազգային ժողովի դիմաց դեկտեմբերի 2-ին կրկին բողոքի ակցիա են իրականացրել կենսաթոշակային կուտակային պարտադիր համակարգի ներդրման դեմ հանդես եկող երիտասարդները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում