Հինգ տարի հետո ի՞նչ ենք վաճառելու ՌԴ-ին

ՀՀ նախագահի նստավայրում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ ՌԴ-ն Կովկասից չի հեռանալու, հակառակը՝ ամրապնդվելու է:

«Առավոտ»-ի թղթակցի հետ զրույցում ՀՀԿ-ական պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը, վերլուծելով ՌԴ նախագահի այս հայտարարությունը, և արձագանքելով թերթի հարցին՝ արդյոք դա նշանակու՞մ է Կովկասի կապիտուլացիա, ասել է. «Մեկնաբանությունները կարող են տարբեր լինել, բայց ես կարծում եմ, որ դա նշանակում էր՝ ՌԴ-ն չի ընդհատի իր մշտական բարեկամությունը կովկասյան ժողովուրդների հետ: Նաև ստրատեգիական տեսակետից՝ Կովկասը ՌԴ-ի համար մեծ նշանակություն ունեցող տարածք է: Ինձ թվում է՝ այդ հայտարարության մեջ ավելի շատ լավ բան պետք է տեսնել, քան վատ: Մարդը ասել է, որ մենք բարեկամներ ենք և մշտական պիտի մնանք: Ինձ թվում է՝ ենթատեքստ պետք չի տեսնել»:

Թերթի թղթակիցը հետաքրքրվել է՝ այդ բարեկամության մե՞ջ էր մտնում «Հայռուսգազարդի»՝ ՀՀ կառավարության 20 տոկոսի բաժնեմասը «Գապրոմին» վաճառելը: ՀՀԿ-ական պատգամավորն այն կարծիքին է, որ Հայաստանն այդ գործարքից ավելի շատ արտոնություններ կարող է քաղել. «Նախ՝ հինգ տարվա պայմանագիրը, գազի սակագնի հետ կապված, հինգ տարի գազի գինը չի բարձրանալու, Միլլերը հայտարարեց «ՀայՌուսգազարդի» աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման մասին, իսկ «ՀայՌուսգազարդում» մենք բավական մեծ թվով աշխատողներ ունենք:

Հարցին՝ հինգ տարով ՀՀ-ն շահեց գազի կայուն գին, հինգ տարի հետո էլ ի՞նչ ենք տալու ՌԴ-ին, որ գազի գինը կայուն պահենք, ՀՀԿ-ական պատգամավորն ասել է, որ դա կախված է հարաբերությունների հետագա զարգացումից, իսկ այդ հարցում ինքը լավատես է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում