ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն լուրջ ակնկալիքներ չունեն Հայաստան Դավութօղլուի այցից

Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի մասնակցությունից Հայաստանի քաղաքական ուժերը երկկողմ հարաբերություններում որևէ առաջընթաց չեն ակնկալում: Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ Դավութօղլուի կամ պաշտոնական Անկարայի հայտարարությո ւններում նախապայմանների լեզվով խոսելու քաղաքականությունից նահանջ չի արձանագրվել: «Դեկտեմբերի 12-ին Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության շրջանակներում արտգործնախարարների հանդիպման հետ մենք քիչ հույս ենք կապում, բայց պետք է ամեն հնարավորություն օգտագործել’ պարտադրելու Թուրքիային, որ առանց նախապայմանների համակարգը գործի ամբողջությամբ, ոչ թե ձևական մակարդակով»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ’ ասաց Արծվիկ Մինասյանը:

Արծվիկ Մինասյանի դիտարկմամբ’ Դավութօղլուի մասնակցությունը Հայաստանում կայանալիք նիստին, ունի այն քաղաքական ենթատեքստը, իբր Թուրքիան միշտ պատրաստ է երկխոսել իր հարևանների հետ: «Բայց մենք տեսնում ենք, որ պաշտոնական Թուրքիան պատրաստ չէ իր հայտարարած «զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականությունը իրական հարթությունում իրագործել»,-հավելեց Արծվիկ Մինասյանը:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն էլ նշեց, որ Թուրքիայի գործողությունները կեղծ են: «Ես Դավութօղլուի այցին էական նշանակություն չեմ տալիս և ռեալ արդյունքներ չեմ կանխատեսում: Թուրքիան, կորցնելով իր իմիջը քաղաքական առումով’ կապված տարածաշրջանում և հատկապես Սիրիայում իր խնդիրների հետ, հիմա փորձում է ամեն կերպ ժողովրդավար ձևանալ և վերաբերմունք դրսևորել նաև մեր նկատմամբ»,-ասաց Գալուստ Սահակյանը:

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն դեկտեմբերի 12-ին կժամանի Երևան: Նա հայտարարել է, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկումից հետո որոշում է կայացրել, որ պետք է Երևանում մասնակցի Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում