Ալիևների ընտանիքը մոնոպոլացնում է նաև ադրբեջանական ավիաուղիները

Ադրբեջանական Turan Air ավիաընկերությունը դադարեցրել է պարբերական թռիչքները: 1994-ից գործող ավիաընկերությունը գործնականում լքել է ուղեւորների փոխադրման շուկան, բայց այդ մասին պաշտոնապես դեռ չի հայտարարել: 

Ավիաընկերությունը 2006-ին իր մի քանի ՏՈւ-154 ինքնաթիռներով մտել էր ադրբեջանական SW Holding ընկերությունների խմբի մեջ: Մինչ վերջերս այն թռիչքներ էր իրագործում Բաքվից Կազան եւ Եկատերինբուրգ, Լենքորանից Սուրգուտ: Հոլդինգից «Թուրան»-ին հայտնել են, որ ընկերության թռիչքները դադարեցվել են ուղեւորահոսքի «ցածր մակարդակի պատճառով»:

Turan Air ավիաընկերության սեփականատերը Ադրբեջանի աշխատանքի եւ բնակչության սոցիալական պաշտպանության նախկին նախարար Ֆիզուլի Ալեքպերովն է, ում որդին’ Վուգար Ալեքպերովը իր վարքով հրահրել էր այս տարվա հունվարին կառավարության դեմ Իսմայիլլիում տեղի ունեցած անկարգությունները:

2009 թվականին Ադրբեջանում վերացվել է նաեւ այդ երկրի առաջին մասնավոր’ IMAIR ավիաընկերությունը, որը մտնում էր Improtex Group ընկերությունների խմբի մեջ:

Ներկայում Ադրբեջանի օդային փոխադրումների տեղական շուկայում մնացել են պետական’ AZAL եւ Silk Way Business Aviation ընկերությունները: Վերջինս կատարում է միայն կոմերցիոն թռիչքներ եւ հաճախ գանգատվում վնասաբեր գործունեությունից: Silk Way Business Aviation ավիաընկերությունը պատկանում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ընտանիքին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում