Երևանի ավագանին հաստատել է մայրաքաղաքի 2014թ.-ի բյուջեն

Երևան քաղաքի 2014թ. բյուջեի նախագիծը դեկտեմբերի 25-ին գումարված արտահերթ նիստում ներկայացվել է Երևանի ավագանու հաստատմանը: Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը, ով ներկայացրել է նախագիծը, նշել է, որ Երևան քաղաքի 2014 թվականի բյուջեի նախագիծը կազմվել է «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքների պահանջներին համապատասխան, որի ձևավորման հիմքում ընկած են խնայողականությունը, հաշվեկշռվածությունը, արդյունավետությունը, հավաստիությունն ու հստակությունը։Քաղաքապետի տեղակալը նաև նշել է, որ նախագիծը օրենքով սահմանված կարգով և ժամկետում քննարկվել և արժանացել է Երևանի քաղաքապետին կից, Երևանի քաղաքային համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի հավանությանը, ինչպես նաև կազմակերպվել են նախագծի վերաբերյալ հանրային լսումներ: Երևանի ավագանին քվեարկության մասնակից 58 անդամների ձայների 39 կողմ, 5 դեմ և 14 ձեռնպահ հարաբերակցությամբ հաստատել է Երևան քաղաքի 2014թ. բյուջեն, ըստ որի կանխատեսվում է. եկամուտների գծով՝ 69,091,815.9 հազար դրամ, ծախսերի գծով՝ 69,491,815.9 հազա? ? դրամ, դեֆիցիտը (պակասուրդը) 400,000.0 հազար դրամ։

Երևանի ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել նաև մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանի զբոսայգիներից մեկը ՀՀ ազգային հերոս Մովսես Գորգիսյանի անունով անվանակոչելու, «Յուրի Բախշյանի անվան մանկական ֆիլհարմոնիա» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով տարածք ամրացնելու մասին որոշումների նախագծերին:

Երևանի ավագանու որոշմամբ 14 իրավաբանական անձանց թույլատրվել է Երևան քաղաքի սահմանված տարածքներում կազմակերպել ծառայողական ավտոկայանատեղիներ: Ավտոկայանատեղի ամբողջ տարածքի համար տուրք վճարած ֆիզիկական և իրավաբանական անձինք կարող են սահմանափակել կամ չսահմանափակել տվյալ ավտոկայանատեղում այլ անձանց կողմից ավտոտրանսպորտային միջոցների կայանման իրավունքը, սակայն իրավունք չունեն ավտոկայանատեղից օգտվողից վճար գանձելու:

Երևանի ավագանու հավանությանն են արժանացել նաև օրակարգում ընդգրկված մյուս հարցերը: Ընդմիջումից հետո Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները պատասխանել են ավագանու անդամների հարցերին:

Ավագանու հաջորդ նիստը տեղի կունենա 2014թ. փետրվարի 11-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում