Հայաստանում քաղաքացիական հասարակություն չկա, Հայաստանում կա ավանդական հասարակություն

2013 թվականը աննախադեպ էր քաղաքացիական ակտիվությամբ և քաղաքացիական նախաձեռնություններով: Դրանցից որոշները եղան այս կամ այն չափով արդյունավետ և հասցեական, որոշները՝ ոչ, որոշները աչքի ընկան իռացիոնալության բարձր մակարդակով և այլն: Այնուամենայնիվ, անկախ ամեն ինչից կարող ենք արձանագրել, որ 2013 թվականին մենք ունեցանք քաղաքացիական ակտիվությամբ աչքի ընկնող բավականին լուրջ զանգված:

Times.am –ի հետ զրույցում ԵՊՀ դասախոս Մովսես Դեմիրճյանը անդրադարձավ ՀՀ-ում քաղաքացիական նախաձեռնություններին, դրանց առանձնահատկություններին, արդյունավետության մեխանիզմներին, դրանց սոցիալ–հոգեբանական կողմերին և այլն:

Պարո′ն Դեմիրճյան, ՀՀ-ում քաղաքացիական նախաձեռնությունները կարո՞ղ ենք քաղաքական մասնակցության արդյունավետ մեխանիզմ համարել:

Անշուշտ, քաղաքացիական նախաձեռնությունները քաղաքական մասնակցության ձևերից մեկն է, բայց այն մեզ մոտ ինստիտուցիոնալ բնույթ չի կրում, ինքնաբուխ չէ, հետաքրքրությունները հաճախ ֆինասավորված, ինչպես նաև դրանք ճիշտ ուղղորդված կամ կարգավորված չեն: Այսօր մենք գործ ունենք մի շատ կարևոր գործընթացի հետ. ՀՀ-ում ձևավորվել են մարդկանց խմբեր, ովքեր քաղաքական գործընթացներում իրենց քաղաքական մասնակացությունը տեսնում են քաղաքական կուսակցություններից դուրս, քանի որ, լայն առումով, ՀՀ-ում թե′ ընդդիմադիր, թե′ իշխանական քաղաքական կուսակցությունները սպառել են իրենց՝ հետևաբար այն տեղափոխվել է քաղաքացիական ոլորտ, և դա նորմալ է: Սակայն մեզ պետք է այն իստիտուցիոնալացնել, որը կարող է լինել որոշակի կառույցների և մարմինների միջոցով, որոնք կդառնան քաղաքացիական ակտիվություն ստեղծողը, քարոզողը, կարգավորողը. սա է տրամաբանությունը:

Իսկ չե՞ք կարծում, որ քաղաքացիական նախաձեռնությունները մեր երկրում քաղաքացիական հասարակության գոյության նշաններ են ցույց տալիս:

Հայաստանում չկա քաղաքացիական հասարակություն, Հայաստանում կա ավանդական հասարակություն, դա քաղաքացիական հասարակությանը պատմականորեն նախորդող տիպն է, բայց կան քաղաքացիական հասարակության ձևավորման նախադրյալներ, ընդ որում, այդ նախադրյալները 2013-ին չեն ի հայտ եկել, այլ շատ ավելի վաղ՝ տարիներ առաջ:

Սակայն հարց է առաջանում՝ ո՞վ է ՀՀ-ում լինելու այդ քաղաքացիական նախաձեռնությունների շահառուն. պետք է գտնել շահառուին: Հարց է նաև՝ արդյո՞ք պետությունը կամ նույն ինքը՝ շարքային քաղաքացին, շահագրգռված է քաղաքացիական հասարակության ձևավորման մեջ, ինչպես նաև ելնելով մեր պետության յուրահատկություններից՝ արդյո՞ք քաղացիական հասարակությունը մեզանում արդարացնելու է իրեն, թե ոչ: Մեկ բառով քաղացիական հասարակության գոյությունը ենթադրում է, որ մենք՝ մեր գործողությունների մեջ առաջին հերթին պետք է լինենք քաղաքացի՝ հետո նոր ծնող, ուսուցիչ, ուսանող և այլն, բայց դրան մենք այսօր պատրաստ չենք:

Արդյոք չափից շատ քաղաքացիական նախաձեռնությունների առկայությունը չի՞ հանգեցնում հասարակության կողմից իրական խնդիրներին ոչ ադեկվատ արձագանքին:

ՀՀ-ում լայն իմաստով կա ինֆորմացիոն երկու մեծ հոսք. մեկը պետության կողմից տրվող, մյուսը՝ քաղաքացիական հասարակության: Կարևոր է տարանջատել հետևյալը՝ պետությունը միշտ առաջնորդվում է պետական շահով: Այսօր քաղաքացիական նախաձեռնությունները ունեն լոկ ըդդիմադիր բնույթ՝ հակառակվելով պետությանը, այլ ոչ թե իշխանություններին և իրենց գլխավոր գործառույթը դարձրել են դա, և շատ հաճախ քաղաքացու ուշադրությունը շեղելով իրական խնդիրներից: Քաղաքացիական հասարակությունը չպետք է աշխատի պետության դեմ, քաղացիական հասարակությունը կարող է դեմ լինել իշխանություններին, եթե դրանք լեգիտիմ չեն և պայքարել դրանց դեմ, բայց ոչ գործել պետության դեմ: Սա շատ կարևոր է տարանջատել:

Մեզ մոտ քաղաքացիական նախաձեռնություները ինքնաբուխ են, թե՞ արհեստածին՝ հաճախ գործիքայնացված այս կամ այն քաղաքական ուժերի կողմից:

Քաղաքական կուսակցությունները, որպես կանոն, կարող են և պետք է ունենա նման քաղաքացիական նախաձեռնություններ, դա ամբողջ աշխարհում ընդունված է, Հայաստանում ևս, բայց խնդիրն այլ է: ՀՀ-ում կա «փախուստ ժողովրդավարությունից»: 20 տարվա ժողովրդավարությունը ցույց տվեց, որ այն ՀՀ-ում խնդիրներ լուծող համակարգ չէ: Ժողովրդավարությունը, առհասարակ, որպես կառավարման համակարգ սպառել է իրեն, ուստի պետք է ինչ որ բան հորինենք ինքներս մեզ համար: Թեև, ժողովրդավարությունը որպես կառավարման մեխանիզմ սպառվել է, սակայն իրականում, որպեսզի այլ համակարգ ունենանք՝ նախ ստիպված ենք անցնել ժողովրդավարության՝ այդ սպառված համակարգի միջով, որպեսզի հասկանանք, որ ժողովրդավարությունը մեզ չի կարող այլևս օգնել: Մենք հիմա այդ փուլում ենք: Ուստի մեզ քաղաքացիական նախաձեռնությունները անկախ իրենց բնույթից, հաճախ նաև ֆինասավաորման տեսքով, բայց անհրաժեշտ են որպեսզի «ժողովրդավարության փախուստի» արդյունքում տեղի չունենա «փախուստ քաղաքականությունից», իսկ դա արդեն նկատելի է: Վերջին 5 տարիների ընթացքում մարդկանց քաղաքական մասնակցությունը կտրուկ նվազել է, դա արդեն իսկ «փախուստ է քաղաքականությունից», բայց դրա փոխարեն ակտիվացել են քաղաքացիական նախաձեռնությունները, և դա լավ է:

Ըստ Ձեզ որո՞նք են քաղաքացիական նախաձեռնությունների սոցիալ-հոգեբանական կողմերը:

Դեռ Արիստոտելն ասել է՝ մարդը հասարակական էակ է ՝այսինքն մարդը պետք է ապրի հասարակության մեջ՝ մարդ լինելու համար մարդ ծնվելը քիչ է, մարդը մարդ պետք է դառնա հասարկության մեջ և հասարակության շնորհիվ: ՀՀ հասարակությունը ավանդական հասարակություն է և մարդկանց միջև հարաբերությունները կարգավորվում են ավանդույթներով՝ ոչ թե օրենքներով: Ավանդական մարդը  անում է մի բան, որովհետև դա նրան պարտադրված է, իսկ հասարակական մարդը դա անում է, որովհետև դրա անհրաժեշտությունը գիտակցում է. այս իմաստով հասարակությանը ժամանակի ընթացում հոգեբանական առումով ադապտացվելու խնդիր ունի, որի մեխանիզմներից մեկն էլ քաղացիական ակտիվությունն է, և դրա կրողը լինելու է նոր սերունդը:

ՀՀ-ում՝ շնորհիվ քաղաքացիական ակտիվության, սոցիալական և քաղաքական համակարգում բռնությունը զգալիորեն նվազել է, նվազել է նաև վախի մթնոլորտը: Նախկինում մարդիկ ավելի շատ էին վախենում կորցնել իրենց աշխատանքը, դատարան ընկնել և այլն: Կամ օրինակ նման ակցիա՝ ինչպիսին տեղի ունեցավ երկու օր առաջ Ազգային ժողովում, նախկինում դժվար էր պատկերացնել: Դա իհարկե խոսում է նաև պետության ձեռքբերումների մասին, երբ բռնությունը և վախը միաժամանակ նվազում է:

Այսպիսով, եթե ի վերջո քաղաքացիական նախաձեռնությոնների զարգացման արդյունքում դրանք հասնեն ռացիոնալ և ինստիտուցիոնալ մակարդակի, ապա չենք ունենա այն քաղաքական և սոցիալակական «մահը», որը կարող է սպառնալ մեզ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում