Թուրքիայում քանդել են հայ ընտանիքին պատկանող տունը

Ստամբուլի քաղաքապետարանի որոշմամբ քանդել են Համբարձում եւ Ժանետ Սոլարբաշների Օրթաքյոյ թաղամասի Դերեբոյու պողոտայում գտնվող տունը, ինչի արդյունքում 7 անդամներից բաղկացած նրանց ընտանիքը ձմռան կեսին հայտնվել է փողոցում’ անօթեւան: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական gercekgundem.com լրատվական կայքը:

Նշվում է, որ տունը պետությունից 1915 թ-ին գնել է Համբարձումի հայրը’ Հովհաննես Սոլարբաշը, ով Հայոց ցեղասպանության տարում’ 1915 թ-ին Յոզգաթից փախել էր Ստամբուլ: Հայ ընտանիքը, որը մոտ 99 տարի շարունակ վճարել է գույքի հետ կապված բոլոր հարկերը, ինչ-ինչ պատճառներով սեփականության փաստաթուղթ չուներ մինչեւ 1983 թ-ը, երբ Ստամբուլի քաղաքապետարանին 2 հազար լիրա վճարելուց հետո Համբարձում Սոլարբաշը տան սեփականության վկայագիր է ստացել:

Ստամբուլի քաղաքապետարանը անցյալ տարի որոշում է կայացրել Օրթաքյոյի այդ տարածքում 5 տներ քանդելու մասին, որոնցից 4-ն արդեն քանդել են: Համբարձումը լրագրողներին հայտնել է, որ ինքը պահանջում է, որ տարածքում կառուցվելիք բնակարաններից մեկը հատկացնեն իր ընտանիքին, այնինչ’ քաղաքապետարանը առաջարկում է իրեն տեղափոխվել մի բնակարան, որի համար ինքը պետք է 74 հազար լիրա վճարի: Նա նշել է, որ իրեն պատկանող տունը քանդելու դիմաց պետությունը ոչ մի փոխհատուցում չի առաջարկել, իսկ տարածքը համարվում է Ստամբուլի թանկարժեք շրջաններից մեկը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում