Ստեփան Սաֆարյանը «Ժառանգության» խմբակցության ներկա վիճակը լավագույնը չի համարում

«Ժառանգությունը» սխալվել է՝ խորհրդարանական ընտրություններում «Ազատ դեմոկրատների» հետ միասնական ցուցակով հանդես գալու որոշում կայացնելով: Այս մասին հունվարի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը: «Մենք ժամանակին սխալ որոշում ենք կայացրել, որի պտուղները հիմա քաղում ե նք: Կան սխալներ, որոնցից արագ չես կարող ազատվել, և սա այդ սխալներից մեկն է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ’ պարզաբանեց Սաֆարյանը:Նա ասաց, որ «Ժառանգություն» խմբակցությունը լավագույն ժամանակները չի ապրում, և որակով նման չէ նախորդ գումարման ԱԺ-ում եղածին: Սաֆարյանի խոսքով’ անհեթեթ վիճակ է ստեղծվել, սակայն սա ամենևին չի նշանակում, թե «Ժառանգության» վերջը եկել է:

«Ժառանգություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները ՀՀ ԱԺ 2012թ. խորհրդարանական ընտրություններում հանդես եկան միասնական համամասնական ցուցակով: Սակայն որոշ ժամանակ անց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը և փոխնախագահ Ալեքսանդր Արզումանյանը հայտարարեցին, որ դուրս են գալիս «Ժառանգություն» խմբակցությունից և այլևս այն չեն ներկայացնելու:

Եթե «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը չփոխի մանդատը վայր դնելու որոշումը, ապա խորհրդարանը կարող է համալրվել «Ազատ դեմոկրատների» ևս մեկ ներկայացուցչով: Խմբակցության համամասնական ցուցակում ազատ դեմոկրատ Մասիս Այվազյանը հաջորդն է, որին էլ հաջորդում է «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում