Հայաստանից արտահանվող էկզոտիկ թռչունները հայտնվում են նաև Ադբեջանում

Հայաստանից արտահանվող էկզոտիկ թռչունները, Վրաստանով տարանցվելով, հայտնվում են նաև Ադրբեջանում և Թուրքիայում: Այդ մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց «Էկզոտիկ թռչուններ բուծողների և տիրապետողների հայկական միավորում» ՀԿ-ի նախագահ Բագրատ Հարությունյանը: Նրա խոսքով՝ էկզոտիկ թռչունների արտահանումն իրականացվում է հիմնականում առանց փաստաթղթերի, մաքսային խորհրդանշական գումար կազմող վճարների գանձումից հետո: «Վրաստանը տարանցիկ երկիր է: Այդ երկրից թռչունների մի մասը տարվում է Թուրքիա, մի մասն’ անգամ Ադրբեջան: Հետաքրքիր է, որ ադրբեջանցիները մինչ այժմ գլխի չեն ընկել, քանի որ թռչնի օղակավորմանն ուշադրություն չեն դարձնում. օղակին պետք է լինի երկրի կոդը: Թռչունները օղակավորված չեն, սակայն վրացի միջնորդները չեն թաքցնում’ ում համար է նախատեսված խմբաքանակը»,- ասաց Հարությունյանը՝ հավելելով, որ Ադրբեջանում առկա բարձր կոռումպացվածությունը թույլ է տալիս նման երևույթի մասին բարձրաձայնել:

Թութակների բոլոր տեսակները (բացառությամբ 4-ի) ենթակա են CITES միջազգային կոնվենցիայի պահանջներին, և արտահանելիս դրանք պետք է պարտադիր ունենան սերտիֆիկատ և անասնաբուժական տեղեկանք: «Երրորդ փաստաթղթի անհրաժեշտությունը կախված է ներմուծող երկրից և թռչնի տեսակից: Այսինքն’ պետությունը կարող է չթույլատրել կոնկրետ տեսակի թութակ ներմուծել իր տարածք»,- ասաց Հարությունյանը՝ հավելելով, որ այդ արգելքը կարող է կապված լինել արտահանող երկրի համաճարակային ֆոնի կամ ներմուծող երկրի այլ առանձնահատկության հետ:

Թռչունները հիմնականում Հայաստան են ներկրվում Արաբական Միացյալ Էմիրություններից’ այդ երկրի ազատական օրենսդրության պատճառով, ինչպես նաև’ ԱՄՆ-ից, Իրանից և Ուկրաինայից: Թռչուններն ունեն որոշակի փաստաթղթեր, սակայն օրինական ճանապարհով ներմուծված թութակի գնորդը հայտնվում է փաստաթղթեր չունեցողի վիճակում: «Փաստաթղթերը չեն տրամադրվում գնորդին, որովհետև գնորդների մեծ մասը չեն էլ իմանում դրանց մասին»,- նշեց մասնագետը՝ հավելելով, որ ՀՀ-ում չկա համապատասխան օրենքի պահանջ:

Հայաստանում էկզոտիկ թռչնաբուծությամբ զբաղվում է մոտ 150 անհատ, ովքեր մեծ և միջին չափերի հավաքածուներ ունեն: ՀՀ-ից արտահանվող թութակների արժեքը հասնում է մինչև 3000 դոլարի: «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» (CITES) միջազգային կոնվենցիայի համաձայն’ էկզոտիկ թռչուններ արտահանելու համար անհրաժեշտ է թռչնի ծագման մասին փաստաթուղթ: Հայաստանը CITES կոնվենցիային միացել է 2009թ.-ին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում