Մասնագետները պարզաբանում են վերջին հաքերային հարձակումների պատճառները

Երեկ գիշերվանից սկսվել է ադրբեջանական հաքերների հարձակում հայկական կայքերի վրա, որի արդյունում կոտրվել են տասնյակ ոչ պաշտոնական և պաշտոնական կայք էջեր: Այս կապակցությամբ Times.am–ի թղթակիցը զրուցեց տեղեկատվական անվտանգության ոլորտի մասնագետ Սամվել Մարտիրոսյանի և տեղեկատվական պայքարի ոլորտի հետազոտող Կարեն Վրթանեսյանի հետ:

-Սովորաբար մեզ համար կանխատեսելի են ադրբեջանական հաքերների հարձակումների օրերը: Արդյո՞ք հնարավոր էր կանխել վիրտուալ հարձակումները:

«100 տոկոսով կանխել հնարավոր չէ: Ոչ բոլոր կայքերն են բավականաչափ պաշտպանված, և եթե չկոտրեն մեկը, ապա կհարձակվեն մյուսի վրա: Դա նման է գողությունների համատարած վերացմանը, բնականաբար, հնարավոր չէ: Կարող ենք պայքարել դրանց դեմ, սակայն չենք կարող վերացնել երևույթը: Կարծում եմ հետագայում պետք է աշխատենք նման երևույթները նվազագույնի հասցնելու վրա»-, նշեց Սամվել Մարտիրոսյանը:

 Ի պատասխան վերոնշյալ հարցին, Կարեն Վրթանեսյանը նշեց, որ այս   խնդիրն  իրականում սեզոնային չէ: «Անվտանգության հարցն ակտուալ է ամբողջ տարին, և միշտ պետք է պատշաճ ուշադրություն հատկացնենք այս խնդրին: Մենք տարվա մեջ բոլոր օրերն ենք տան դուռը գիշերը կողպում, այլ ոչ թե հատուկ օրերին: Նույնն էլ կայքը. պետք է միշտ պաշտպանված լինի: Իհարկե, տարվա մեջ օրեր կան, երբ ադրբեջանցիները ցուցադրական հարձակումներ են կատարում, սակայն մեր խնդիրն այլ է: Մենք ոլորտում որակյալ մասնագետների պակաս ունենք: Ընկերությունները պիտի լուրջ ներդրումներ անեն պաշտպանված կայքեր ունենալու համար: Իսկ հաճախ ոչ բոլորն ունեն նման ֆինանսական հնարավորություններ»։

-Նկատեցինք, որ վերջին հարձակումների թիրախում էին հայտնվել նաև Արցախի պաշտոնական որոշ կայք էջեր: Այս պարագայում ինչու՞մն է խնդիրը:

«Արցախի պետական-պաշտոնական կայքերը պիտի ներառվեն ՀՀ պետական անվտանգության համակարգի մեջ և պատշաճ պաշտպանվեն, ինչպես որ ՀՀ պետական կայքերի դեպքում է: Անշուշտ, վերջինների վրա ևս հարձակումներ իրականացվում են, սակայն անվտանգության ապահովման բարձր մակարդակը նվազագույնի է հասցնում այդ հարձակումների հետևանքները»,- նշեց Կարեն Վրթանեսյանը:

Ի պատասխան հարցին’ արդյոք մենք տալիս ենք համարժեք պատասխաններ և հարկ է այդ մասին բարձրաձայնել,տեղեկատվական անվտանգության ոլորտի մասնագետը Մարտիրոսյանը նշեց, որ հատկապես վերջին տարիներին մեր հաքքերները բավականին լուրջ պատասխաններ են հասցնում: Իսկ այդ մասին բարձրաձայնելը զուտ բարոյական հանգստության համար է:

Սամվել Մարտիրոսյանը կանխատեսեց նաև, որ մոտ ապագայում, մասնավորապես փետրվար ամսին կլինեն նոր հարձակումներ: Այդ շրջանը ադրբեջանցիների ավանդական հարձակման շրջանն է:

Ստորև ներկայացնում ենք կոտրված կայքերի ցուցակը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում