Առնո Բաբաջանյանն այսօր կդառնար 93 տարեկան

Հանրահայտ կոմպոզիտոր, դաշնակահար Առնո Բաբաջանյանն այսօր կդառնար 93 տարեկան: ԽՍՀՄ ժողովրդական արտիստի ծննդյան օրը ընկերները, արվեստի երկրպագուները ամեն տարի այցելում են նրա շիրիմին’ Երեւանի քաղաքային պանթեոնում: «Արմենպրես»-ի հետ զրույցում Երևանի Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրեն Աննա Աղաջանյանը նշեց, որ չնայած այժմ ուսանողների համար արձակուրդներ են, և քոլեջում մեծ միջոցառում չի կազմակերպվելու, սակայն մանկավարժական կազմն ամեն տարի այցելում է Բաբաջանյանի շիրիմին, ծաղիկներ տանում:Բաբաջանյանի անունը կրող քոլեջն ունի 45-ամյա կենսագրություն, հանրահայտ կոմպոզիտորի անվամբ կոչվել է նրա մահից հետո’ 1983 թվականին: Ուսումնական հաստատությունն ունի 300 սան:

Կոմպոզիտորի մահից տարիներ անց նրա արվեստը շաարունակում է հետաքրքրել և ոգեշնչման աղբյուր հանդիսանալ երաժիշտների համար:

2014 թ. սկզբին հայաստանյան և միջազգային երաժշտասեր հանրության դատին կներկայացվի Առնո Բաբաջանյանի մենանվագ ստեղծագործությունների ամբողջական հավաքածուն: Բաբաջանյանական ստեղծագործությունները ներկայացնելու է անվանի հայ դաշնակահար Հայկ Մելիքյանը: Այս ձայներիզը ձևաչափով և ստեղծագործությունների հագեցվածությամբ կլինի առաջինը մեծանուն կոմպոզիտորի հեղինակային կատարումներից հետո, որը կներառի Բաբաջանյանի մենանվագ բոլոր ստեղծագործությունները:

Մենեջերի խոսքով’ ձայնասկավառակում ներառվելու են «Պոլիֆոնիկ սոնատ», «Վեց պատկերներ», «Պոեմ», «Վաղարշապատի պարը», «Կապրիչիո», «Պրելյուդ», «Էքսպրոմտ», «Մեղեդի», «Էլեգիա», «Հումորեսկ» և «Մտորում» ստեղծագործությունները:

Բաբաջանյանը մահացել է Մոսկվայում, արյան քաղցկեղից 1983 թվականի նոյեմբերի 11-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում