ԵՄ առաջնորդները քննադատել են Էրդողանին

Եվրամիության առաջնորդները խստորեն քննադատել են վերջին 5 տարիներին առաջին անգամ Բրյուսել այցելած Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին’ արդարադատության եւ ոստիկանության աշխատակիցներին հետապնդելու համար: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ռոյթեր» լրատվական գործակալությունը:Եվրոպայի Խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպույը նրան կոչ է արել խոչընդոտներ չհարուցել արդարադատության համակարգի նորմալ գործունեության նկատմամբ, իսկ Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն Էրդողանի հետ կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ ԵՄ անդամակցության համար օրենքի գերակայության նկատմամբ հարգանքը եւ դատարանների անկախությունը հանդիսանում են անհրաժեշտ պայմաններ:

Իր հերթին Էրդողանն ասել է. «Եթե արդարադատությունը մենք դիտենք որպես առանձին իշխանություն, ապա դա ոչ թե ժողովրդավարություն կլինի, այլ արդարադատության իշխանություն»: Նա նաեւ հայտարարել է, որ «անհրաժեշտության դեպքում Անկարան կարող է շրջվել այլ կողմ»:

Այսպիսով, Էրդողանը կրկին զգուշացրել է Բրյուսելին, որ ԵՄ անդամակցության բանակցություններում արդյունքների բացակայության դեպքում Թուրքիան ստիպված կլինի հայացքն ուղղել «այլ կողմ»:

Թուրքիայի վարչապետ Էրդողանը ավելի վաղ եւս հանդես էր եկել նման հայտարարություններով: Թուրքական ԶԼՄ-ներն առավել վաղ հաղորդել էին, որ Էրդողանը ցանկություն էր հայտնել Թուրքիային հնարավորություն տալ միանալ «Շանհայի հնգյակ» կազմակերպությանը եւ Մաքսային միությանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում