Արցախյան հերոսամարտ. 1992-1993թթ. (Շահումյանի կորուստը)

Լեռնային Ղարաբաղի հանրապետության տարածքային խեղված ընկալումը մեր հասարակության մեջ այսօր թեև չգիտակցվող, սակայն լուրջ խնդիր է: Տարբեր ծագում ունեցող քարտեզներում ԼՂՀ-ն պատկերվում է ամենատարբեր սահմաններում’հաճախ անտեսելով ողջամտությունն ու հայանպաստ իրողությունը: Քարտեզի սխալ ներկայացման ամենահիմնական ձևն, անշուշտ նախկին ԼՂԻՄ-ի պատկերումն է’առանց Քաշաթաղի, Քարվաճառի, Հադրութի շրջանների և մնացած ազատագրված տարածքների: Ադրբեջանական քարոզչական պատերազմի և հակահայկական հիստերիայի պրոպագանդման պայմաններում հայկական լրատվամիջոցներն ու տարբեր կազմակերպություններ աններելի տգիտությամբ ու անընկալելի նպատակայնությամբ շարունակում են պատկերել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը անկլավային և իրականությանը չհամապատասխանող սահմաններում: Իրականում, սակայն, անհրաժեշտ միշտ ԼՂՀ քարտեզը պատկերել ոչ միայն նրա իրական սահմաններում, այլև նրանում ընդգրկել համգամանքների բերումով ադրբեջանական զորքերի հսկողության տակ գտնվող Շահումյանի շրջանն ու Մարտակերտի հյուսիսարևելյան շրջանները, որոնք 1992թ.-ի հունիսյան դաժան մարտերից հետո այդպես էլ մնացին թշնամու տիրապետության տակ: Ցավոք սրտի, արցախյան հերոսամարտը, որը հայ ժողովրդի փառահեղ հաղթանակներից է հարյուրամյակներ շարունակվող հայ-թուրքական հակամարտության պատմության մեջ, ունեցել է նաև մեզ համար անցանկալի արդյունքներ, և դրանց շարքում առաջինը Շահումյանի շրջանի կորուստն է:

1992թ-ի մայիսին Շուշիի և Լաչինի ազատագրումից հետո Արցախում ռազմական հաղթանակների ֆոնի վրա բավականին սրվեցին ներքաղաքական հարաբերությունները’կապված ԼՂՀ-ում գերագույն խորհրդի նախագահի պաշտոնը զբաղեցնելու հետ: Նման պայմաններում, երբ Արցախի և ՀՀ-ի քաղաքական ու ռազմական հրամանատարությունը զբաղված էր ներքին իշխանության բաժանման և տնօրինման խնդիրների լուծմամբ, Ադրբեջանը, Ռուսաստանից ձեռք բերելով ստանալով սպառազինության խոշար համալրում, հունիսի 12-ին լայնածավալ հարձակում սկսեց ճակատի ամբողջ երկայնքով. Հիւմնական հարվածը հասցվեց Շահումյան-Մարտակերտ-Ասկերան ուղղությամբ: Ադրբեջանական զորքերի առաջին գիծը զբաղեցնում էին տանկերը’նախկին խորհրդային 23-րդ դիվիզիայի փործառու անձնակազմերով, որոնց վարձել էր Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը: Շահումյանի շրջանի պաշտպանությունն իրականացնում էին տեղական ինքնապաշտպանական ուժերը, «Տիգրան Մեծ» կամավորական ջոկատը և «Հատուկ գնդի» հերթափոխ վաշտը’ընդհանուր թվով 500 մարդ, որոնց գործողությունները համակարգում էր հյուսիսային կոմիտեն’Շահեն Մեղրյանի գլխավորությամբ: Հատկանշական է, որ քաղաքական հանգամանքների նկատառումներով Շահեն Մեղրյանի և Հատուկ գնդի հրամանատարության միջև համագործակցությունը բավականին ցածր մակարդակի վրա էր գտնվում: Հակառակորդի հարձակման պահին հայկական առաջապահ ուժերը, որոնք պահում էին Կարաչինարի ուղղությունը, չկարողանալով լուրջ դիմադրություն ցուցաբերել հակառակորդի գերակշիռ ուժերին, նահանջեցին, ինչը թուլացրեց և կազմալուծեց ռազմաճակատի այդ հատվածը պաշտպանող ուժերի շղթան: Այս հանգամանքը թույլ տվեց ադրբեջանական ուժերին ընդամենը 2 օրվա ընթացքում զբաղեցնել ամբողջ Շահումյանի շրջանը: Հունիսի 15-ին հակառակորդը սկսեց առաջխաղացումը Մարտակերտի ուղղությամբ, որի պաշտպանությունն իրականացնում էին մի քանի ջոկատներ’ընդհանուր թվաքանակով 1136 մարդ, որոնք տեղակայված էին 3 հիմնական ուղղությամբ’ իրենց տրամադրության տակ ունենալով 6 տանկ, 4 ՀՄՄ և 1 զրահամեքենա: Հունիսի 17-ին զոհվեցին Մարտակերտի շրջանի պաշտպանությունը ղեկավարող Վագիֆ Գալստյանը և Հատուկ գնդի հրամանատար, գնդապետ Վլադիմիր Կարապետյանը: Հայկական ուժերը հայտնվել էի ծանր բարոյահոգեբանական վիճակում, դրա պատճառները մի քանիսն էին. Նախ հայկական կողմը առաջին անգամ էր ենթարկվում նմանատիպ լայնածավալ հարձակման, որը պատճառել էր բավականին մեծ զոհեր, ապա Շահումյանի շրջանի սրընթաց կորուստը, տեղի հայ բնակչության փախուստը դեպի Ստեփանակերտ, ինչպես նաև հրամանատարների զոհվելը: Նման հանգամանքներում հունիսի 18-ին Մարտակերտ մեկնեցին Արկադի Տեր-Թադևոսյանը, ավելի ուշ’ՀՀ ՊՆ առաջին տեղակալ գեներալ-մայոր Արտուշ Հարությունյանը և այլ սպաներ, որոնց ժամանումը Մարտակերտ թույլ տվեց բարելավել ռազմաճակատի դաշտային շտաբի կազմակերպումը:

Հակառակորդը, գիտակցելով սեփական գերազանցությունը քանակի և սպառազինության հարցերում, շարունակ փորձում էր ճեղքել հայկական ուժերի պաշտպանությունը’ դրա համար կիրառելով տանկեր և այլ զրահատեխնիկա’ավիացիայի ակտիվ աջակցությամբ, և սա այն դեպքում, երբ Մարտակերտը պաշտպանող հայկական ուժերի տրամադրության տակ չկային ոչ՛ փորձառու անձնակազմեր տանկերի և զրահատեխնիկայի արդյունավետ օգտագործման համար, ոչ՛ էլ թշնամու ավիացիային շոշափլի վնաս հասցնելու համար անհրաժեշտ որևէ ՀՕՊ միջոց: Չնայած հակառակորդի ուժերի գերազանցությանը’մարտակերտի պաշտպանական ուժերը 19 օր հերոսաբար դիմակայում էին ադրբեջանական հարձակմանը: Սակայն մարդկային ռեսուրսների անբավարարությունն ու սպառազինության պակասը հանգեցրին նրան, որ 1992թ-ի հուլիսի 4-ի դրությամբ Մարտակերտը պաշտպանում էին ընդամենը 3 փոքրաթիվ ջոկատ, որոնց անձնակազմը միասին կազմում էր 42 մարդ: Հուլիսի 4-ին մարտակերտի պաշտպանության շտաբը որոշում ընդունեց նահանջել դեպի Կուսապատ գյուղ, սակայն դրան հետևեց հակառակորդի ուժեղ և անսպասելի հարվածը հայկական ուժերին Քարվաճառի կողմից, ինչ արդյունքում ադրբեջանցիների հսկողության տակ անցան Չափառ, Հաթերք, Զարդախաչ գյուղերն ու այլ բնակավայրեր: Հայկական ուժերին մեծ դժվարությամբ հաջողվեց կանգնեցնել թշնամուն Վաղուաս-Դրմբոն-Չլդրան սահմանագծին:

Հաջորդ մեկ տարվա ընթացքում Շահեն Մեղրյանի կազմակերպած և ղեկավարած հայդուկային շարժումը թշնամու թիկունքում հնարավորություն տվեց ազատագրել մի շարք բնակավայրեր, ինչպես օրինակ Հաթերքը, Ակնաբերդը, Մատաղիսը, Տոնաշենը, Դաստագիրը, Սարսանգի ջրամբարը: Մեղրյանի գլխավորած պարտիզանկան ջոկատները զգալի վնասներ հասցրին ադրբեջանական ուժերին և նախապատրաստեցին հայկական կազմակերպված ուժերի հակահարձակումը 1993 թվականի հունիսի 26-27-ին, երբ Քարվաճառում և Լաչինում տեղակայված թշնամական ուժերի ոչնչացումից հետո հայկական զորքերը ձեռնմուխ եղան կորցված Մարտակերտի մեծ մասի ազատագրմանը: Սակայն Շահումյանի շրջանը և Գետաշենի ենթաշրջանը այդպես էլ մնացին հակառակորդի հսկողության տակ. Ժամանակն ու ռեսուրսներն ուղղակի հնարավորություն չթողեցին ազատագրելու պատմական հայկական այդ բնակավայրերը ևս:

Դանիել Շահումյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում