Ռոբերտ Քոչարյանի քաղաքական «start up»-ը

Վերջին շրջանում շատ անսպասելի ակտիվացավ ՀՀ 2-րդ նախագահը և ըստ էության քաղաքականություն վերադառնալու հայտ ներկայացրեց:

Հանրապետության նախկին նախագահի երևան գալը շատ ակտիվ քննարկվում է քաղաքագետների, վերլուծաբանների և հասարակության լայն շերտերի կողմից և ամեն մեկն իր հերթին գնահատականներ է տալիս այս կապակցությամբ:

Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցների բովանդակության մասով, զերծ կմնամ տնտեսագիտական ասպեկտը քննարկելուց, ես տնտեսագետ չեմ, դրանով թող մասնագետներն զբաղվեն:

Հանրությանը փորձեմ ներկայացնել 2-րդ նախագահի քաղաքական մեսիջները, որոնք,ըստ իս, շատ կարևոր են, և իհարկե մի փոքր կանխատեսում՝ առաջիկայում սպասվող իրադարձությունների զարգացման հնարավոր տարբերակների մասին:

Նախ և առաջ, որպես կանոն քաղաքականությունը կարելի է բնորոշել նաև որպես՝ հների ու նորերի պայքար՝ այն իմաստով, որ նախկին իշխանության ղեկավարը քննադատում է վարչապետին, մեղադրում նրան ինչ ինչ հարցերի մեջ ու փորձում դիվիդենտներ ստանալ:

Մի բան ողջունելի է, երբ մեր պետական ներկայիս ու նախկին այրերը քաղաքական նոր մշակույթի, բարեկիրթ բանավիճելու փորձեր են անում, որն ,իմ կարծիքով, օգտակար է մեր հասարակությանն ու պետությանը:

Որքան էլ, որ քաղաքականությունը համարվի անբարոյականություն, բայց ազնվության ու արդարամտության մասին չպետք է մոռանան մեր հարգելի քաղաքական գործիչները:

Ազնիվ չէ քննադատել մեկին, ով քո կառավարած տարիներին եղել է քո ամենաորակյալ ու խելացի կադրերից մեկը, ում աշխատանքը քեզ գոհացրել է, և այսքանից հետո, երբ դու հեռանում ես քաղաքականությունից, արդար չէ նրան մեղադրել տարբեր խնդիրներում, որոնք հենց քո ժամանակ են ի հայտ եկել և հենց քո իսկ գիտությամբ:

Քաղաքականության մեջ ոչինչ հենց այնպես չի ասվում կամ արվում, այս իմաստով նախկին նախագահի ակտիվացումը բնավ պատահական չէ, նամանավանդ երբ խոսքը ամենևին քաղաքականություն նոր մտած մի կարերիստ երիտասարդի մասին չէ, ով իր առաջին քաղաքական քայլերն է անում և փորձում հաստատվել:

Սա մի իրավիճակ է, երբ իշխանությունից հեռացած նախկին նախագահը տարբեր ուղղություններով մեսիջներ է ուղարկում իշխող քաղաքական ուժին: Մասնավորապես`  ամենակարևորը մեսիջը ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանին, քողարկած՝ «Ես ավելի լավ վարչապետ եմ, ինձ նշանակիր բովանդակությամբ» և իհարկե, հանրությանը՝ իր հնարավոր վերադարձի մասին` ստուգելու մարդկանց տրամադրությունները:

2-րդ նախագահի քաղաքական գործունեությանը հետևելով և հաշվի առնելով հանրությանն հայտնի՝ իր բնավորության որոշ գծեր, միամիտ կլինենք, եթե մտածենք, որ նա չունի 2-ր և 3-րդ պահեստային տարբերակներ:

Ակնահայտ է, որ Ռոբերտ Քոչարյանն իր հարցազրույցներով և դիտարկումներով նաև շոշափում է իշխող կուսակցության որոշակի կոնկրետ շրջանակներ, որոնք կարող են հիմք հանդիսանալ իր քաղաքական մեկնարկի համար:

Ամեն դեպքում հասկանանք, որ խոսքը մի մարդու մասին է, ով երկու շրջան եղել է Հայաստանի Հանրապետության նախագահ և 5 մատի պես գիտի ով ինչ է արել, ինչպես, ում շնորհիվ, ինչպես նաև քաղաքական դաշտի ավագ թե կրտսեր սերնդի ներկայացուցիչներին:

Առհասարակ քաղաքականություն հնարավոր չէ իրականացնել, եթե թիմ չունես, որքան էլ լավ առաջնորդ լինես: Սա պարզ քաղաքական աքսիոմա է:

Քաղաքական այն թիմը, որն արդեն երկրորդ շրջանն է կառավարում երկիրը ունի քաղաքական ղեկավար՝ ի դեմս ՀՀԿ կուսակցության նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և հանրապետական կուսակցությունը ակներև է, որ չի պատրաստվում և չի պատրաստվելու առաջիկայում աշխատել Ռոբերտ Քոչարյանի հետ, էլ չասաց, որ 2-րդ և 3-րդ նախագահների մարդկային և քաղաքական հայացքները իրարից տարբեր են ՝ թե՛ ներքին թե՛ արտաքին  քաղաքականության վերաբերյալ:

Անշուշտ քաղաքական տոխնոլոգիաներն իրենց դերն ու նշանակությունն ունեն մերօրյա քաղաքական գործընթացներում, բայց Քոչարյանի պարագայում դժվար թե այնքան արդյունավետ լինեն, որ մարդիկ մոռանան նախկին նախագահի կառավարման տարիները, նրա կոպիտ սխալներն ու բացթողումները և պարուրվեն այն գաղափարով, որ ահա գալիս է հերոսը և փրկի իրենց այս դժվարին սոցիալ-տնտեսական վիճակից:

Այնուամենայնիվ չեմ կարող չարձանագրել, որ նախկին նախագահի PR մասնագետները լավ էին հաշվարկել ժամանակը այն իմաստով, որ դեռ տարեվերջին ամանորյա անակնկալ մատուցեցին հանրությանը՝ հիշեցնելով Ռոբերտ Քոչարյանի մասին, և նույնիսկ ապացուցեցին, որ ավելի լավ PR ակցիա են անում՝ քան SAS սուպերմարկետների ցանցի իրենց գործընկերները՝ հայտնի կոկորդիլոսի համար:

Թերևս բոլորին է հայտնի, որ Ռոբերտ Քոչարյանի նախագահած տարիներն իրականում աչքի չեն ընկել նշանակալի հաջողություններով, պարզապես նրա բախտն իսկապես բերել է, որ իր օրոք՝ աշխարհում, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամ չկար և երկիրը ապրում էր ավելի բարվոք սոցիալ-տնտեսական կյանք և այս իմաստով, այո՛, իրավացի են այն մարդիկ, ովքեր ասում են, որ Քոչարյանի ժամանակ լավ է եղել, բայց այդ լավ-ը կապ չի ունեցել Քոչարյան անձի ու նախագահի հետ, եթե փորձենք վերլուծել վերջին տարիների համաշխարհային ֆինանսատնտեսական քաղաքականությունը, պատկերն ամբողջովին պարզ կլինի:

Ինչ վերաբերում է նախկին նախագահի հնարավոր վերադարձին, ապա այն կարող է տեղի ունենալ միայն ՀՀԿ-ի ցանկությամբ ու անմիջական մասնակցությամբ, որովհետև փաստացի սա է միակ քաղաքական ուժը, որն ղեկավարում է երկիրը, իսկ եթե նույնիսկ ԲՀԿ-ն սատարի Քոչարյանին պաշտոնապես, չեմ կարծում, որ նախկին նախագահի կամ Բարգավաճ Հայաստան կուսկացության կապիտալը այնքան մեծ է, որ հասարակության մեջ օրհասական պահանջ ստեղծվի Ռոբերտ Քոչարյանին վարչապետ կամ մեկ այլ լուրջ քաղաքական պաշտոն տալու համար:

Դժվար է ասել, թե իրադարձություններն ինչպես կզարգանան, բայց քաղաքական դաշտի հստակ բաժանված ներկա վիճակը թույլ է տալիս ասելու, որ Քոչարյանի նախկին քաղաքական հենարան հանդիսացող ՀՀԿ-ը այժմ արդեն չի պատրաստվում նրան պաշտպանել և արդեն իսկ որոշ նախարարների ու պատգամավորների մակարդակով «Good by M.r..Kocharyan» արշավ է սկսել՝ ի պատասխան նախկին նախագահի գրասենյակի տարածած մի շարք տարբեր հայտարարությունների:

Նկատենք նաև, որ նախկին նախագահի մի քանի հավատարիմ պաշտոնյաներ, ովքեր իսկապես ժամանակին ազնիվ Քոչարյանական են համարվել, այսօր արդեն՝ Սերժ Սարգսյանի քաղաքական գծի կողմնակիցն են ու երկրի քաղաքականությունը թելադրող մարդիկ և ըստ էության նրանք էլ են հասկացել, որ նախկին նախագահը իրեն սպառել է և ասելիք չունի, պարզապես չի կարողանում համակերպվել երիատասարդ թոշակառուի կարգավիճակի հետ:

Այս ամենն հաշվի առնելով~ առաջիկայում կամ տեղի կունենա վերաբրենդավորում ԲՀԿ-ի ներքո՝ Քոչարյանի գլխավորությամբ, կամ իրադարձությունների տրամաբանական շարունակությունը կփարատի բոլորիս կասկածները, որ նախկին նախագահն ուղղակի մնացել է պատմության դասագրքերում՝ որպես Հայաստանի 2-րդ նախագահ, որի վերադարձը ժամանակային առումով հնարավոր չէ և ոչինչ չի տա ՀՀ քաղաքացիներին:

Անկախ ամենի բանից` ՀՀ 2-րդ նախագահը կարող է մնալ մարդկանց հիշողության մեջ՝որպես երկրի ու ազգի մասին մտածող պետական գործիչ, եթե հետևի միջազգային պրակտիկային ու հեռացող նախագահների լավագույն փորձերին:

Հայաստանն այսօր ունի բազում խնդիրներ, մասնավորապես սոցիալ-տնտեսական բնագավառում, և այս առումով նախկին նախագահը կարող է ձեռք մեկնել պետությանն ու մեր հայրենակիցներին, օրինակ՝ մեր երկրում արդեն գործող տարբեր բարեգործական հիմնադրամների ևս մեկի ստեղծումով, որը փոքրիշատե կկրճատի երկրում ապրող մեր հազարավոր քաղաքացիների կյանքի ու առօրյաի մի շարք կարիքները:

Օրինակ` ուրախ կլինենք նախկին նախագահին տեսնել բուհերում դասախոսություններ կարդալիս, ինչպես ընդունված է միջազգային պրակտիկայում, վստահ եմ, որ Ռոբերտ Քոչարյանն իր գիտելիքներն ու ունակությունները կարող է փոխանցել ուսանողներին, ովքեր մեծ ուրախությամբ կլսեն նրան:

Քաղաքական այս խառը վերջին իրադարձությունների ֆոնին շատ հետաքրքիր էր նախագահ Սերժ Սարգսյանի հայտնած դիրքորոշումը, ով իր մամուլի քարտուղարի շուրթերով հասկացրեց 2-րդ նախագահին, որ կառավարության ղեկավարը և մնացած անդամները շատ քաղաքակիրթ ու հավասարակշռված պատասխաններ են տվել Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցներին և ոչ ուղակիորեն, փաստորեն՝ պաշտպանեց Տիգրան Սարգսյանին ու նրա վարած քաղաքականությունը:

Այս իմաստով, կրկնակի դժվարացավ, եթե ոչ անհնարին դարձավ 2-րդ նախագահի հնարավոր վերադարձը:

Ամփոփելով միտքս` նշեմ, որ չնայած երկրում սոցիալական խնդիրները քիչ չեն ու միշտ էլ կան հարցեր, որոնք կարելի է բարձրաձայնել ու իշխանությունից հաշիվ պահանջել, սակայն այսօր հայ հասարակությունը ամենևին չի սպասում նախկին նախագահի(երի), այլ ճիշտ հակառակը՝ ուզում է տեսնել համակարգային լուրջ աշխատանք, նախագահ Սարգսյանի կողմիցնոր բարեփոխումներ և արմատական փոփոխություններ, որոնք էապես կբարելավեն շարքային հայաստանցու կյանքի որակն ու կենցաղի մակարդակը, ինչպես նաև սոցիալական պայմանները:

Այս իմաստով, ըստ իս, 2014թ-ը անչափ կարևոր է մեր երկրի տնտեսական զարգացման համատեքստում, բանաձևը պարզ է՝ աշխատել, ստեղծել, զարգացնել, բարելավվել, ապահովել ու հզորանալ:

Սա է մեր երկրի ամենակարևոր խնդիրը, որը պահանջում է հետևողական աշխատանք և պետական քաղաքական մտածողության անշեղորեն իրացում:


Սմբատ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում