Ադրբեջանցի իրավապաշտպանը վիրավորել է ԵԽԽՎ համազեկուցողներին

Ադրբեջանի խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն, իրավապաշտպան Լեյլա Յունուսը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Ադրբեջանի գծով համազեկուցողներ Պեդրո Ագրամունտին եւ Ջոզեֆ Գրեխին սրիկաներ եւ ստոր է անվանել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով haqqin.az լրատվական կայքը, Լեյլա Յունուսն այս մասին հայտարարել է Բաքվում կազմակերպած մամուլի ասուլիսում :Եվրոպացի խորհրդարանականներին բացահայտ վիրավորելու պատճառ է դարձել այն, որ ադրբեջանցի իրավապաշտպանը համաձայն չէ «քաղաքական բանտարկյալ» հասկացության նկատմամբ վերջիններիս դիրքորոշման հետ:

Ագրամունտն ու Գրեխն ավելի վաղ դեմ են հանդես եկել Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների մասին ԵԽԽՎ նախկին զեկուցող Քրիստոֆեր Շտրասերի պատրաստած բանաձեւին, ինչն էլ պատճառ էր բանաձեւը վեհաժողովում չընդունելու համար:

Լեյլա Յունուսը երեկ Բաքվում հայտարարել է, որ Ադրբեջանում 97 քաղաքական կալանավորներ եւ 38 «խղճի բանտարկյալներ» կան: 116 մարդու նկատմամբ դատարանը վճիռ է կայացրել, 12 մարդու գործերը գտնվում են դատարանում, եւս 6 մարդու նկատմամբ հետաքննությունը շարունակվում է:

Իրավապաշտպանը նաեւ հիշատակել է մարդկանց անուններ, որոնց նա համարում է քաղաքական կալանավորներ: Լեյլա Յունուսը, մասնավորապես, նշել է Թոֆիգ Յագուբլուին, Իլգար Մամեդովին, Յադիգյար Սադըգովին, Անար Մամեդլիին, Գուրբան Մամեդովին, Խալիլ Մամեդովին, Ռաշադա Ռամազանովային, Ավեզ Զեյնալովին, Թալե Բաղիրովին, Մովսում Սամեդովին եւ «Նիդա» շարժման անդամներին: Իրավապաշտպանը նշել է, որ նրանք բոլորը բանտարկվել են շինծու մեղադրանքներով այն բանի համար, որ համարձակվել են քննադատել իշխանություններին:

Իրենց հերթին Ադրբեջանի իշխանությունները հերքում են երկրում քաղաքական բանտարկյալների առկայությունը եւ նշում, որ վերոհիշյալ բոլոր մարդիկ պատիժ են կրում կատարած հանցագործությունների համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում