Վարդան Պետրոսյանի քրեական գործը չորս հատորից է բաղկացած

Երևան-Եղվարդ ճանապարհին նախորդ տարի հոկտեմբերի 20-ին դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարի փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Նախաքննական մարմինն այդ մասին պաշտոնապես ծանուցել է տուժող կողմին: «Արմենպրես»-ի հետ զրույցում Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ քրեական գործը դատարան կուղարկվի կողմերի’ նյութերին ծանոթանալ ուց հետո: Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ միջնորդություններ ամենայն հավանականությամբ կանի դատարանում, քանի որ այդպես ավելի նպատակահարմար է գտնում: «Արդյո՞ք ծավալուն է քրեական գործը» հարցին ի պատասխան պաշտպանն ասաց. «4 հատոր, որում նաեւ բազմաթիվ նամակներ են մեր հայրենակիցներից’ ի պաշտպանություն Պետրոսյանի, շուրջ 11 հազար ստորագրության տեքստը եւ այլ նյութեր»:Փաստաբանը հայտնեց նաեւ, որ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը հունվարի 23-ին դռնփակ դատական նիստում, քննելով իր բողոքը, մերժել է այն: Պաշտպանական կողմը վիճարկում էր դերսանի նկատմամբ կայացված ձերբակալման որոշումը: Մեկ այլ բողոքի մերժման որոշում էլ երեկ կայացրել է Վերաքննիչ դատարանը: Բաղդասարյանն այս դեպքում վիճարկել էր Վարդան Պետրոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը երկարացնելու որոշումը:

Վարդան Պետրոսյանի վարած «ԲՄՎ-320» և Արթուր Հակոբյանի վարած «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենաների բախումից զոհվել են Էդգար և Էդուարդ Հակոբյանները:
Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Նա կալանավորված է:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում