ՀՀԿ պատգամավորը ողջունել է կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը մեր երկրում

Կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը Հայաստանում թույլ կտա մարդկանց հետագայում ստանալ արժանավայել թոշակ, ինչը կլուծի սոցիալական շատ խնդիրներ: Հունվարի 24-ին հրավիրած ասուլիսում նման համոզմունք հայտնեց ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը: «Ընդհանուր առմամբ, ես օրենքը գնահատում եմ շատ օգտակար, սոցիալական մեծ խնդիր լուծող օրենք, որը հնավարություն է տալիս մարդուն հետագայում թոշակ ստանալ, ոչ թե այսօրվա խղճուկ գումարները, որոնք ըստ էության ոչինչ չեն լուծում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ’ ասաց Բադեյանը:Պատգամավորը կարծում է, որ յուրաքանչյուր ոք պետք է իր կենսաթոշակը վաստակի իր աշխատանքային կենսագրության ընթացքում և կենսաթոշակը պետք է փոխկապակցվի աշխատավարձի հետ: «Սա այնպիսի անհերքելի գաղափար է, որ նույնիսկ ամենածայրահեղ քննադատները չեն փորձում այդ գաղափարը քննադատել»,- ասաց Բադեյանը՝ հավելելով, որ քննադատությունն ավելի շատ վերաբերում է գաղափարի դետալներին, մասնավորապես’ պարտադիր բաղադրիչին: Նա նշեց, որ շատ երկրներ կան, որտեղ կուտակումները պարտադիր են: «Օրենքի սահմանադրականության վերաբերյալ քննադատությունը հիմքեր չունի և լուրջ չէ»,- ասաց նա:

Անդրադառնալով ռիսկերին՝ Բադեյանը նշեց, որ ցանկացած բնագավառում կան ռիսկեր, և օրենքով փորձ է արվել դրանք հասցնել նվազագույնի:

Պատգամավորը, սակայն, կուտակային կենսաթոշակի մասին օրենքում տեսնում է խոցելի մասեր, որոնք կունենան հետագա բարելավումների ճանապարհներ՝ այնպես, ինչպես ցանկացած օրենքում: «Սա մի կարծրացած օրենք չէ: Սա պետք է հետագայում զարգանա, բարելավվի»,- ասաց Բադեյանը: Նա կարևորեց աշխատավարձերի բարձրացումը տնտեսական աճի միջոցով, իսկ այդ մասին կառավարությունն ու ընդդիմությունը պետք է լուրջ մտածեն:

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը գործում է 2014 թ. հունվարի 1-ից: Համակարգի շահառու է դարձել 250 հազար մարդ:

Խորհրդարանական 4 խմբակցություններ դիմել են Սամանադրական դատարան՝ կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ օրենքի սահմանադրականությունը վիճարկելու միջնորդությամբ: Սահմանադրական դատարանը մինչև հունվարի 25-ը պետք է որոշում կայացնի միջնորդության վերաբերյալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում