Ադրբեջանական գնդակից վիրավորված այգեպարցի աղջնակի կյանքին վտանգ չի սպառնում

Ադրբեջանական կրակահերթերից հունվարի 23-ի ուշ երեկոյան Տավուշի մարզի սահմանամերձ Այգեպար գյուղում վիրավորված Լիանա Անիկյանի կյանքին վտանգ չի սպառնում, նրա վիճակը կայուն է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանը: «Աղջիկը հիվանդանոցում է, նրան վիրահատել են, վիճակը նորմալ է»,-ասաց նա:ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանից տեղեկացանք, որ հայկական զինուժին հաջողվել է լռեցնել հակառակորդին: Հայկական զինված ուժերը վերահսկում են իրավիճակը:

Հունվարի 23-ի երեկոյան անդրբեջանական կողմը կրկին կրակ է բացել Տավուշի մարզի սահմանամերձ մի շարք գյուղերի՝ Ներքին Կարմիրաղբյուրի, Այգեպարի, Մովսեսի և Չինարիի ուղղությամբ: Այգեպար գյուղում հակառակորդի գնդակից վիրավորվել է 16-ամյա Լիանա Անիկյանը: Նրան տեղափոխել են Բերդի զինվորական հոսպիտալ և վիրահատել: Գնդակը դիպել է աղջկա ազդրին:

Ադրբեջանական զինուժը հայկական գյուղերի ուղղությամբ կրակոցներն ինտենսիվացրել է վերջին օրերին: Նրանք հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը դիվերսիոն անհաջող փորձ կատարելուց հետո անդադար կրակում են հայկական դիրքապահների ուղղությամբ: Բացի դրանից, հաճախ թիրախավորում են նաեւ բնակավայրեր, ավտոճանապարհներ, քաղաքացիական օբյեկտներ: Սահմանամերձ գյուղերում ադրբեջանական նշանառության տակ են հայտնվում անգամ մանկապարտեզներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում