Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ Բրյուսելում հավաք կանցկացվի

Բրյուսելում մարտի վերջին կկայանա Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումները համակարգող տարածաշրջանային հանձնաժողովների ներկայացուցիչների հավաք: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:Նրա խոսքով, հավաքի ընթացքում շուրջ 37 երկրում գործող համակարգող հանձնախմբերը կքննարկեն Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ կատարված աշխատանքն ու հետագա անելիքները:

«2014 թվականը մեզ համար հատկանշական է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ ծրագրերի, միջոցառումների իրականացման առումով: Մենք շեշտված աշխատելու ենք հատկապես սփյուռքում գործող տարածաշրջանային հանձնաժողովների հետ: Մայիսին Երեւան կժամանեն տարածաշրջանային հանձնաժողովների ներկայացուցիչները’ ճշգրտելու 2014-2015 թ. կատարվելիք քայլերը»,-ասաց նա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, նախարարը նշեց, որ 2013 թվականին ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ հուլիսի 5-6-ը Երեւանում անցկացվել է «Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ» խորագրով իրավաբանանների համահայկական երկրորդ համաժողովը, որին մասնակցել են շուրջ 150 իրավաբան Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետություններից եւ աշխարհի 20 երկրից:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ 2013 թվականի սեպտեմբերի 19-21-ը Երեւանում կայացել է նաեւ հայկական հիմնախնդիրների իրազեկման, կառույցների ներկայացուցիչների համահայկական համաժողովը, որին մասնակցել է շուրջ 60 ներկայացուցիչ աշխարհի 18 երկրից: Համաժողովին քննարկել են ժողովրդական դիվանագիտության, ՀՀ պաշտպանության հիմնախնդիրները, Հայաստան-Սփյուռք գործակցության, ՀՀ ազգային անվտանգության հիմնախնդիրները, ԼՂՀ հիմնախնդիրների կարգավորման գործընթացը, ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում