Ուկրաինայի իրադարձությունները վախեցրել են Իլհամ Ալիևին

Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ միջազգային հանրության կոշտ արձագանքները խիստ վախեցրել են Ադրբեջանի իշխանություններին: Երբ Եվրախորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցն Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին կոչ արեց ցրել խորհրդարանը եւ զգուշացրեց, որ բռնությունը շարունակվելու դեպքում Եվրամիությունը պատժամիջոցներ կկիրառի ուկրաինացի չինովնիկների դեմ, Ադրբեջանի իշխանությունը խուճապի է մատնվել եվրոպական կառույ ցների այդ դիրքորոշումից: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ազադլըգ» թերթը:Պարբերականը գրում է, որ Ադրբեջանի իշխանությունը զգուշանում է, որ ինքն էլ կարժանանա միջազգային հանրության նման արձագանքին, քանի որ մտադիր չէ ստորագրել ԵՄ հետ ասոցացման պայմանագիրը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի կուլուարներում «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը երեկ հայտարարել է, որ չեն դիտարկում Եվրամիության հետ ասոցացման մասին համաձայնագիր կնքելու հնարավորությունը, սակայն կարող են քննարկել ռազմավարական գործընկերության տարբերակը: «Մենք չենք ծրագրում ասոցացման փոխհարաբերությունների մակարդակ Եվրամիության հետ: Եթե լինեն համագործակցության այլ ձեւաչափեր, օրինակ, ռազմավարական գործընկերություն, այն ժամանակ, իհարկե, մենք կարող ենք դա քննարկել», -ասել է Ալիեւը: Ադրբեջանի նախագահի խոսքով, իրենք կանգնած չեն ԵՄ-ի եւ Մաքսային միության հետ համագործակցության ընտրության առջեւ: «Մենք համագործակցում ենք ե’ւ Մաքսային միության, ե’ւ Եվրամիության անդամների հետ», -ասել էր Իլհամ Ալիեւը:

Թերթը գրում է, որ ԵՄ ասոցացման պայմանագիրը ստորագրելու հարցում Ադրբեջանի իշխանության շահագրգռված չլինելու պատճառը այդ քայլի’ անմիջապես ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհ բացելու պարտադիր լինելն է, իսկ Ալիեւի ավտորիտար իշխանությունը չի մտածում անգամ Ադրբեջանում ժողովրդավարական բարեփոխումներ կատարելու մասին:

«Ասոցացման պայմանագիրը կարող է համարվել Եվրոպայի եւ դեմոկրատական աշխարհի’ Ադրբեջանի իշխանությանը տված վերջին հնարավորությունը: Դրանից Ալիեւի հրաժարումը ավելի կկոշտացնի ժողովրդավարության հարցում Ադրբեջանի նկատմամբ Եվրոպայի սկզբունքային դիրքորոշումը: Իսկ դա կարող է Իլհամ Ալիեւին արժանացնել Վիկտոր Յանուկովիչի ճակատագրին»,- գրում է թերթը եւ հավելում, որ Ադրբեջանի իշխանությունը ստեղծված իրավիճակից դուրս գալու ճանապարհներ է սկսել որոնել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում