Ժնև 2-ում սիրիական կողմերը համաձայնության չեն գալիս

Սիրիայի արտգործնախարար, Ժնևում Սիրիայի կառավարական պատվիրակության ղեկավար Ուալիդ ալ Մուալլեմը ՄԱԿ-ի և ԱԵԼ-ի բանագնաց Ախդար Իբրահիմիին տեղեկացրել է, որ եթե մինչև վաղը լուրջ բանակցություններ չսկսվեն ընդդիմության հետ, ապա Սիրիայի կառավարական պատվիրակությունը կմեկնի Ժնևից:

Ախդար Իբրահիմիի հետ հունվարի 24-ին կայացած հանդիպման ժամանակ Ուալիդ ալ Մուալլեմը նաև նշել է, որ ընդդիմադիր կոալիցիան լրջորեն չի մոտենում հարցին և տրամադրված չէ լուրջ բանակցությունների: Սիրիական ՍԱՆԱ գործակալությունը տեղեկացրել է, որ Սիրիայի կառավարական պատվիրակության և ՄԱԿ-ի բանագնաց Ախդար Իբրահիմիի հետ կայացած հանդիպումը ավարտվել է դրական մթնոլորտում:

Տեղեկություններ կան, որ Իբրահիմին առաջիկա ժամերի ընթացքում հանդիպում կունենա նաև Սիրիայի ընդդիմադիր պատվիրակության հետ:Սիրիայի կառավարական և ընդդիմադիր պատվիրակությունների միջև հունվարի 24-ին նախատեսված հանդիպումը տեղի չի ունեցել, քանի որ ընդդիմության ներկայացուցիչները չեն ներկայացել: ՄԱԿ-ի և ԱԵԼ-ի համատեղ բանագնաց Ախդար Իբրահիմին հույս ուներ, որ այսօր կեսօրին կմեկնարկեր 2 կողմերի բանակցությունները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում