Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ժակ Ֆորը (Ֆրանսիա) և Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) հունվարի 24-ին Փարիզում հանդիպել են Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ’ շարունակելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունները: Հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը:

Հանդիպման արդյունքներով համանախագահները հայտարարություն են տարածել: Նախարարները եւ համանախագահները քննարկել են խաղաղության գործընթացն առաջ մղելու հիմնարար սկզբունքները’ նոյեմբերի 19-ին Վիեննայում բարձր մակարդակով բանակցությունների ու դրան հաջորդած ԱԳ նախարարների դեկտեմբերի 5-ի Կիևի հանդիպման արդյունքների հիման վրա: Նախարարները պատրաստակամություն են հայտնել շարունակելու աշխատանքը խաղաղ, բանակցային լուծում գտնելու ուղղությամբ:

Դեսպան Կասպրչիկը համանախագահներին ներկայացրել է շփման գծում և սահմանին վերջին զարգացումները: Համանախագահները խոր մտահոգություն են արտահայտել տարածաշրջանում հրադադարի ռեժիմի շարունակական խախտումների առնչությամբ և ընդգծել են, որ վերջին զարգացումները ստվերում են բանակցային գործընթացը և վտանգում են խաղաղության հեռանկարը: Նրանք կողմերին կոչ են արել լիարժեք և անվերապահորեն հարգել հրադադարի համաձայնագրի պահանջները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում