ՀՀ քաղաքացիները Ռուսաստանում կարող են մնալ 90 օրից ոչ ավելի

Ռուսաստանում ՀՀ քաղաքացիները 90 օրից ավելի կարող են մնալ այն դեպքում, եթե կնքել են աշխատանքային պայմանագիր: Լրագրողների հետ հանդիպմանը, ներկայացնելով «ՌԴ-ից ելքի և ՌԴ մուտքի մասին» և «ՌԴ-ում օտարեկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» դաշնային օրենքներում կատարված փոփոխությունները, ասաց իրավաբան Լիլիթ Ներսիսյանը: ՌԴ-ում ուժի մեջ մտած օրենքի նոր փոփոխության համաձայն’ առանց վիզա մուտքի իրավո ւնք ունեցող պետությունների քաղաքացիները կարող են այդ երկրի տարածքում մնալ 90 օր’ տարեկան յուրաքանչյուր 180 օրվա ընթացքում:Իրավաբանը նշեց, որ փոփոխությամբ սահմանված կարգով խոսքը հիմնականում վերաբերում է բարձր որակավորում ունեցող անձանց եւ նրանց ընտանիքներին, ինչպես նաեւ Ռուսաստանի Դաշնություն ուսման նպատակով մեկնողներին:

«Այս փոփոխությունը չի վերաբերում նաեւ այն քաղաքացիներին, ովքեր Ռուսաստանում են գտնվել մինչ դրա ուժի մեջ մտնելը: Օրենքի կարգը խախտողները Ռուսաստանի Դաշնություն մուտք չեն կարողանա գործել 3 տարի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ասաց նա:

Լիլիթ Ներսիսյանի խոսքով’ Հայաստանի անդամակցումը Մաքսային միությանը Ռուսաստան մուտքի եւ ելքի մասին օրենսդրության դյուրացում չի նախատեսում:

2014թ. հունվարի 1-ից ՌԴ-ում ուժի մեջ մտած «ՌԴ-ից ելքի և ՌԴ մուտքի մասին» և «ՌԴ-ում օտարեկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» դաշնային օրենքներում կատարված փոփոխությունների համաձայն’ 2014թ. հունվարի 1-ից սկսած ՌԴ առանց վիզա մուտքի իրավունք ունեցող պետությունների (այդ թվում’ Հայաստանի Հանրապետության) քաղաքացիները կարող են ՌԴ տարածքում մնալ 90 օր’ յուրաքանչյուր 180 օրվա ընթացքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում