Արթուր Բաղդասարյանը չի բացառում Ռոբերտ Քոչարյանի վերադարձը

«Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը չի բացառում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձը քաղաքականություն: Փետրվարի 1-ին լրագրողների հետ հանդիպմանը ՕԵԿ առաջնորդը նշեց, որ բացառել նրա վերադարձը կնշանակի քաղաքական սնանկություն:«Կարծում եմ, որ այդ հարցը պետք է ուղղել Ռոբերտ Քոչարյանին, սակայն և չի կարելի բացառել, որ մի օր նա կարող է վերադառնալ քաղաքականություն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նա՝ հավելելով, որ երկրորդ նախագահը մասնավոր կապեր ունի որոշ քաղաքական ուժերի՝ մասնավորապես ՀՅԴ-ի և ԲՀԿ-ի հետ:

Արթուր Բաղդասարյանի խոսքով՝ հարկավոր է ըմբռնումով մոտենալ այն հանգամանքին, որ Ռոբերտ Քոչարյանը վերջերս հանդես եկավ երկրում տիրող իրավիճակի վերաբերյալ որոշ դիտարկումներով: «’Ամեն մի երկրի նախկին նախագահ, լինի Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, տարիներ անց նաև Սերժ Սարգսյանը, իրավունք ունի իր ղեկավարած երկրում տեղի ունեցող գործընթացների շուրջ ունենալ իր տեսակետը, պետք է դրանց վերաբերվենք ըմբռնումով»,- նշեց Բաղդասարյանը:

Բաղդասարյանը Քոչարյանի հայտարարությունները բաժանեց երկու մասի’ բովանդակային և քաղաքական: Ըստ նրա՝ բովնադակային մասին արդեն պատասխանել է կառավարությունը, իսկ քաղաքականն այն է, որ այդ հայտարարություններից հասարակությունը պետք է իր եզրակացություններն անի:

Նախորդ տարեվերջին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ասուլիսից հետո ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեկնաբանություն տարածեց’ կապված շինարարության ծավալների նվազման հարցի’ վարչապետի պատասխանի հետ: Տիգրան Սարգսյանը խոստացավ արձագանքել եւ դա արեց համալիր վերլուծություն ներկայացնելով, որին էլ հաջորդեց երկրորդ նախագահի հարցազրույցը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում