Մինսկի խմբի համանախագահներն ամփոփել են տարածաշրջան կատարած այցը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահները կարևորում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների բովանդակային առաջընթացի անհրաժեշտությունը: Փետրվարի 6-ին տարածած համատեղ հայտարարությամբ համանախագահներն ամփոփել են Բաքու և Երևան կատարած այցը:

Փետրվարի 4-5-ը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ հանդիպումների ընթացքում ՄԽ համանախագահները քննարկել են արտգործնախարարների’ Փարիզում կայացած վերջին հանդիպման արդյունքները: Համանախագահները կարևորել են բարձր մակարդակի հանդիպումները շարունակելու անհրաժեշտությունը, ինչպես քննարկվել էր Վիեննայում:

Միաժամանակ’ ՄԽ համանախագահները խոր մտագոհություն են հայտնել շփման գծում և սահմանում լարվածության սրման կապակցությամբ և կոչ արել հակամարտության կողմերին զսպվածություն դրսևորել իրենց գործողություններում և հռետորաբանության մեջ:

Հայաստանի և Ադրբեջանի նախագահներն, իրենց հերթին, մտադրությունն են հայտնել ամրապնդել հրադադարի պահպանման ռեժիմը և խուսափել ապագա լարվածությունից’ հատկապես Սոչիում մեկնարկող Օլիմպիական խաղերի ընթացքում: Համանախագահները կշարունակեն խորհրդատվությունները հակամարտության կողմերի հետ նաև հետագա շաբաթներին, բարձր մակարդակի հանդիպումներ նախապատրաստելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում