«Զինվոր» համակարգող խորհուրդը փոխանցում է ծնողների գոհունակությունը զորակոչից

Ձմեռային զորակոչն ավարտվել է պլանի կատարմամբ եւ 100 տոկոսանոց ցուցանիշով: «Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանի գնահատմամբ’ ծնողները զորակոչի ընթացքից դժգոհ չեն եղել, իսկ դիմումներին զինկոմիսարիատներում ընթացք են տվել: Նրա խոսքերով, այն զինվորները, ովքեր ունեցել են առողջական խնդիրներ և սահմանափակումներով զորակոչվելու իրավունք, կամ ազատվել են կամ ծառայում են սահմանափակ ումներով: «Սահմանափակումը չի նշանակում, որ տղաները ֆիզպատրաստության չեն մասնակցելու եւ սահման չեն պահելու»,- փետրվարի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մարգարիտա Խաչատրյանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ’ Մարգարիտա Խաչատրյանը խորհուրդ տվեց զինվորների ծնողներին, երեխաների մոտ առողջական խնդիրներ ի հայտ գալու պարագայում, ոչ թե սպասել մինչեւ զորակոչի մեկնարկը, այլ քայլեր ձեռնարկել դրանց բուժման համար:Մարգարիտա Խաչատրյանը հավելեց, որ եթե սոցիալապես վատ պայմաններով ապրող երեխան չի կարողացել ամբողջությամբ բուժվել, դիմելու դեպքում կազմակերպությունը միջնորդում է, որպեսզի բուժում ստանա մինչ զորակոչվելը, կամ եթե արդեն զորակոչվել են, հոսպիտալացվեն և այնտեղ ստանան բուժօգնություն:

Հայաստանում ավարտվել է 2013թ. ձմեռային զորակոչը: Զորակոչն իրականացվեց դեկտեմբեր-հունվարին: Այս զորակոչի առանձնահատկություններից մեկն այն էր, որ այն անցկացվում էր վիճակահանությամբ, որի ընթացքում զորակոչիկներ համապատասխան տուփերից հանում էին այն զորամասերի համարները, որտեղ իրենք զորակոչվելու էին: Զորակոչի նոր կարգը գոհացնում է ինչպես Պաշտպանության նախարարությանը, այնպես էլ զորակոչիկներին և նրանց ծնողներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում