Սիրիայի ընդդիմադիր կոալիցիան ՄԱԿ-ից պահանջել է պատժամիջոցներ կիրառել գործող համակարգի դեմ

Սիրիայի ընդդիմադիր կոալիցիան ՄԱԿ-ից պահանջել է սիրիական իշխանությունների դեմ կիրառել 7-րդ բանաձևը մինչև փետրվարի 5-ը քիմիական զենքերը երկրից չհանելու պատճառով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, կոալիցիան հայտարարել է, որ սիրիական իշխանությունները ևս մեկ անգամ ապացուցել են, որ մտադիր չեն կատարել իրենց պարտականությունները՝ ավելացնելով, որ նրանք մինչև այժմ հանձնել են քիմիական զենքերի միայն 4 տոկոսը: Կոալիցիայի անդամների խոսքով, քանի որ Սիրիան խախտել է պայմանավորվածությունը, պետք է կիրառվի ՄԱԿ-ի 7-րդ բանաձևը՝ համաձայն որի, Սիրիայի հանդեպ կարող են պատժամիջոցներ կիրառվել ընդհուպ մինչև ռազմական միջամտություն:Ավելի վաղ Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը հայտարարել էր, որ Սիրիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու որևէ անհրաժեշտություն չի տեսնում, քանի որ մինչև այժմ քիմիական զենքերի փոքր մասն է դուրս հանվել երկրից:

Սիրիական իշխանությունները իրենց հերթին հայտարարել են, որ պատրաստ են շարունակել աջակցել քիմիական զենքերի դուրսբերման և ոչնչացման աշխատանքներին: Նախատեսված է սիրիական քիմիական զենքերը ոչնչացնել մինչև հունիսի 30-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում