Հայոց բանակը` վճռորոշ գործոն բանակցային գործընթացում

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կրկին տարածաշրջանում էին: Պարզ է, որ անկախ այն հանգամանքից թե ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել այս հանդիպումներում’ Բաքուն բեկանելու է դրանք: Բանակցային գործընթացի տրամաբանությունը Բաքվի «սրտով չէ»: Բաքվի ռազմաքաղաքական վերնախավը անրջում է ոչ միայն նախկին Խորհրդային Ադրբեջանի, այլ ՀՀ տարածքների մասին, զուգահեռաբար ջանքեր գործադրում իր ռազմական ներուժը հզորացնելու ուղղությամբ: Ակնհայտ է նաև, որ բանակցային գործընթացում ադրբեջանական կողմը ձգտում է իրեն մատուցել որպես «ուժի դիրքերից հանդես եկող կողմ», ուժ գործադրելը ներկայացնելով որպես բանակցություններում իր հիմնական խաղաքարտ: Այլ կերպ սա կարելի է անվանել շանտաժի քաղաքականություն, որն ուղղված է և’ հայկական կողմին Արցախը ետ ստանալու համար, և’ միջնորդներին’ հայկական կողմի վրա Բաքվի համար ցանկալի ճնշումներ բանեցնելու նպատակով:

Իսկ ունի՞ Բաքուն այն իրական ուժը, որն իրեն թույլ կտար շանտաժի քաղաքականության դիմելու: Այո’ Բաքուն սպառազինվում է, թերագնահատել թշնամուն չի կարելի: Բայց ադրբեջանական բանակն ունի նաև բազմաթիվ խոցելի կողմեր: Չափազանցություն չի լինի ասելը, որ այդ բանակը բանակ դարձնելու համար ահռելի ժամանակ է պետք: Զաքիր Հասանովի պաշտպանության նախարար նշանակվելուց հետո թափ առած խոշոր պաշտոնանկությունները վառ վկայություններն են այն բանի, որ դեռ «շատ ջրեր պետք է հոսեն» մինչև ադրբեջանական բանակը իսկապես ունակ լինի բարդ մարտական խնդիրներ լուծել: Բնական է, որ հայկական կողմն էլ ձեռքերը ծալած չի նստելու:

Իսկ ունե՞նք արդյոք մենք ներուժ դիմակայելու համար թշնամուն: Վերջին դիվերսիան ակնհայտ դարձրեց մեր Զինված ուժերի պատրաստվածության բարձր մակարդակը: Ակնհայտ դարձավ նաև պետական սահմանի երկայնքով ձևավորված ամրաշինական համակարգի հուսալիությունը: Այն խորը էշելոնացված պաշտպանական համակարգ է, և նախատեսված է խոշորամասշտաբ հարձակողական օպերացիաների դեմ: Այն սկսվում է պետական սահմանի երկայնքով ձգվող խրամուղիներից ու խրամաբջիջներից և ձգվում մինչև մեր տարածքի խորքը: Այդ համակարգը ձևավորելիս ռազմական գիտության դասական կանոնները հաշվի առնելուց բացի, կենսագործվել են մի շարք նորարարական լուծումներ: Սա նախարար Օհանյանի և իր թիմի կարևոր ձեռքբերումներից է և կանխում է ոչ միայն մեծ պատերազմը այլև էապես դժվարացնում դիվերսիոն ներխուժումներ իրականացնելը:

Եվ ամենակարևոր հարցը. Ինչպիսի՞ն պետք է լինի մեր պատասխանը ադրբեջանական շանտաժի մարտավարությանը: Բանակցային գործընթացում մեր կարևորագույն կռվանը եղել և մնալու է մարտունակ բանակը: «Մենք թույլ չենք տալու, որպեսզի մեզ երկրորդ անգամ պատերազմ պարտադրեն». սա ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի դիրքորոշումն է: Այն բնականաբար ենթադրում է, որ բանակի մարտունակության ամրապնդմանն ուղղված ջանքերը հետևողական են լինելու: Բայց տեղին է այդ դիրքորոշումը դիտարկել առավել լայն ռազմաքաղաքական կոնտեքստում, որպես թշնամու շանտաժին չտրվելու և այս երկարաձիգ բանակցային գործընթացում շահած դուրս գալու բանաձև: Եթե թշնամին մեզ հետ խոսում է ուժի լեզվով, ապա մենք մեր ռազմական ներուժը բազմապատկելով պետք է այդ նույն ուժի լեզվով էլ պատասխանենք նրան: Պատերազմ հաղթած, ժամանակին թշնամու շանտաժին չտրված զորավարի դիրքորոշումը միակ ադեկվատ պատասխանն է ստեղծված իրավիճակում:

Բանակցային գործընթացում կարելի է ակնկալել առաջընթաց միայն այն դեպքում, երբ Բաքվում համոզվեն, որ ուժի դիրքերից խոսելու բանակցային մարտավարությունը անարդյունավետ է, իսկ այդ ուղղությամբ գործադրված ջանքերն’ ապարդյուն: Համբերատար կերպով ուժին ուժ հակադրելով պետք է հասնենք այն բանին, որ Բաքվում համակերպվեն այն վաղուց արդեն անդառնալի իրականության հետ, որ կա երկրորդ հայոց պետություն’ իր 12,000 հզ. կմ քառ. տարածքով:

Պետրոս ԳԵՐՊԵԿՉՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում