Ի՞նչ կապ ունի քրեական հեղինակություն` Թևոս Սաֆարյանի եղբոր սպանությունը, մեկ տոննա հերոինի հետ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«Քրեական հեղինակություն Թևոս Սաֆարյանի (Կայարանցի Թևոսիկի) եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանությունից հետո իրավապահ համակարգում և քրեական աշխարհում լուրեր սկսեցին շրջանառվել, որ այդ սպանությունն ինչ-որ կերպ կապ ունի Մեղրիի մաքսակետում մոտ մեկ տոննա հերոինի հայտնաբերման և առգրավման հետ:

Հերոինը հայտնաբերվել էր այս տարվա հունվարի 17-ին, իսկ սպանությունը տեղի էր ունեցել դրանից 10 օր անց՝ հունվարի 27-ին։ Թե որքանով են այդ լուրերը համապատասխանում իրականությանը, փորձեցինք պարզել ոստիկանությունից։ Մեր գրավոր հարցմանը, թե արդյոք այդ սպանությունը որևէ կապ ունի հունվարի 17-ին հերոինի խոշոր խմբաքանակի հայտնաբերման հետ, ոստիկանությունը տվել է մի պատասխան, որով, ըստ էության, չի հերքել նման կապի հնարավորությունը։

Ոստիկանության՝ մեզ ուղարկված գրավոր պատասխանը ներկայացնում ենք տառացիորեն.
«Արթուր Սաֆարյանի սպանության փաստով ոստիկանության Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցված քրեական գործով Իսրայել Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշով և որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը։ Իսկ, հունվարի 17-ին առանձնապես խոշոր չափերի «հերոին» տեսակի թմրանյութի հայտնաբերման փաստով քրեական գործ է հարուցվել ԱԱԾ քննչական վարչությունում։ Սպանության փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»,-նշված է պատասխանում։
Ակնհայտ է, որ ոստիկանությունը խուսափել է պնդել հերոինի և սպանության միջև կապ չլինելու մասին»,-գրում է «Հայկական ժամանակ» թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում