Թուրքիայի 27 քաղաքում փոխվել են իրավապահ մարմինների ղեկավարները

Թուրքիան ցնցած «Մեծ կաշառք» գործողության շրջանակներում զարգացումները շարունակվում են: Երկրի ներքին գործերի նախարարությունը հրապարակել է որոշում այն մասին, որ Թուրքիայի 27 քաղաքներում փոխվել են իրավապահ օրգանների ղեկավարները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Տեղեկացվում է, որ ծառայությունից հեռացվել է նաև վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվտանգության ծառայության նախկին ղեկավարը:Թուրքիայում «Մեծ կաշառք» գործողությունը մեկնարկեց 2013 թ-ի դեկտեմբերի 17-ին Ստամբուլում և Անկարայում անցկացված հատուկ գործողություններով, որոնց արդյունքում ձերբակալվել են 50-ից ավելի անձինք, այդ թվում’ գործարարներ և երեք նախարարների որդիները, որոնք մեղադրվում են կոռուպցիայի, մաքսանենգության և թմրանյութերի իրացման մեջ: Այդ կոռուպցիոն սկանդալից հետո Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանձնարարությամբ հունվարի 8-ին աշխատանքից հեռացվել են 15 նահանգային ոստիկանապետեր: «Մեծ կաշառք» գործողությունից հետո թուրքական իշխանութ յունները աշխատանքից հեռացրել կամ այլ պաշտոնի են տեղափոխել ավելի քան 6 հազար ոստիկանների:

Հետևեք մեզ նաև Telegram-ում