«Հայաստանում ֆրանսիական քոլեջ»–ն ու Փարիզի Ալբեր Դե Մունի մասնագիտական լիցեյը կհամագործակցեն

«Հայաստանում ֆրանսիական քոլեջ» հիմնադրամի և Փարիզի կենտրոնում գտնվող Ալբեր Դե Մունի մասնագիտական լիցեյի միջև այսօր ստորագրվեց փոխհամագործակցության համաձայնագիր: Ալբեր Դե Մունի տնօրեն Պատրիս Հոշաղին հյուրընկալած «Հայաստանում ֆրանսիական քոլեջ» հիմնադրամի տնօրեն Առաքել Առաքելյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ համաձայնագիրը «Հայաստանում ֆրանսիական քոլեջ»-ի լավագույն ուսանողներին հնարավորություն կտա իրենց արտադրական պրակտիկան երրորդ ուսումնական տարում անցնելու Ֆրանսիայում:

«Մենք կկազմակերպենք դասախոսների և ուսանողների վերապատրաստումներ՝ փոխադարձաբար: Բացի այդ, այս համաձայնագրի ամենակարևոր ձեռքբերումն այն է, որ մենք մեր գործընկեր լիցեյի ղեկավարության հետ եկել ենք համաձայնության, որ ներդնում ենք երկու դիպլոմի ինստիտուտը, այսինքն՝ «Հայաստանում Ֆրանսիական քոլեջ» հիմնադրամի լավագույն ուսանողները կստանան ֆրանսիական լիցեյի պետական նմուշի դիպլոմ՝ իհարկե հաշվի առնելով նախապես որոշված կրթական չափորոշիչները»,- նշեց Առաքել Առաքելյանը:

Համագործակցությունը նպատակ ունի նաև ուսումնական պլանները, առարկայական ծրագրերը, այսինքն՝ ամբողջ ուսումնական փաստաթղթաշրջանառությունը 100 տոկոսով համադրելու ֆրանսիական միջին մասնագիտական կրթական չափորոշիչներին: Ըստ «Հայաստանում ֆրանսիական քոլեջ»-ի տնօրենի՝ այս պահին համաձայնություն են ձեռք բերել էկոնոմիկա, հաշվապահական հաշվառում և աուդիտ և շուկայաբանություն մասնագիտությունների համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում