Կառավարությունը Հայաստանում գործարար միջավայրի բարելավմանն ուղղված քայլեր է ձեռնարկում

Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացությամբ խորհրդարանի նստաշրջանի օրակարգում ընդգրկեց «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծն, ըստ որի’ նախորդ ֆինանսական տարվա արդյունքներով մեկ միլիարդ դրամից ավելի շրջանառություն ունեցող ընկերությունում աուդիտն իրականացնող անձը կամ վերստուգող հանձնաժողովը շահագրգռության առկայությ ամբ խոշոր գործարքի կնքման որոշումն ընդունելուց հետո’ մինչեւ պայմանագրի կնքումը, տալիս է եզրակացություն գործարքի’ սույն օրենքի պահանջներին, ինչպես նաեւ շուկայական արժեքին համապատասխանության վերաբերյալ:

Հիմնական զեկուցող, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը նշեց, որ նախագիծը սահմանում է, որ ընկերությունը պարտավոր է շահագրգռության առկայությամբ խոշոր գործարք կնքելու մասին որոշումը կայացնելուց հետո’ 5 աշխատանքային օրվա ընթացքում գործարքի վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակել www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:

Սույն օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանում գործարար միջավայրի բարելավմանն ուղղված բարեփոխումների շարունակականության ապահովմամբ’ Համաշխարհային բանկի «Գործարարությամբ զբաղվելը» դասիչի բաղադրիչների ուղղությամբ, որն ամրագրված է ՀՀ կառավարության 07.03.2013թ. «Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2013 թվականի միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» որոշման 8.1 կետում:

Ավանեսյանի խոսքով՝ գործարար միջավայրի վերլուծությունները ցույց են տալիս, որ երկրների օրենսդրական բացթողումներն ընկերությունների սեփականատերերին եւ տնօրեններին թույլ են տալիս կատարել այնպիսի գործարքներ, որոնք օրինական են, չեն պարունակում կեղծիք կամ խաբեություն, սակայն, դրանք, այնուամենայնիվ, վնասում են ընկերության կառավարման գործում որոշիչ ձայնի իրավունք չունեցող բաժնետերերի շահերը: Ներկայում գործող օրենքը չի պահանջում մեկ միլիարդ դրամից ավելի շրջանառություն ունեցող ընկերությունում շահագրգռվածության առկայությամբ խոշոր գործ արքներ կնքելու մասին ընկերության աուդիտն իրականացնող անձի կամ վերստուգող հանձնաժողովի կողմից նախնական եզրակացության տրամադրում, գործարքի հրապարակայնություն եւ թափանցիկություն: «Օրենքի նախագիծը նպատակ ունի կատարելագործել շահագրգռության առկայությամբ խոշոր գործարքների բացահայտման մեխանիզմները, բարձրացնել փոքր բաժնետերերի շահերի պաշտպանվածության մակարդակը»,- նշեց Ավանեսյանը:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը նշեց, որ սա առաջին ընթերցման ռեժիմն է՝ առաջարկելով հանձնաժողովի անդամներին երկրորդ ընթերցման ժամանակ առաջարկներ ներկայացնել, եթե այդպիսիք կլինեն:

Օրենքի նախագծի ընդունմամբ ակնկալվում է Հայաստանի Հանրապետությունում ներդրումային եւ գործարար բարենպաստ միջավայրի ձեւավորում: Այս առաջարկությունների իրականացման արդյունքում ընկերություններն ավելի գրավիչ կդառնան փոքր, բայց բազմաթիվ ներդրողների համար, ավելի կաշխուժանա արժեթղթերի շուկան, ինչպես նաեւ Համաշխարհային բանկի «Գործարարությամբ զբաղվելը» դասակարգչում «Ներդրողների պաշտպանվածություն» ցուցիչի բացահայտման ցուցանիշը կբարելավվի 3 միավորով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում