Հայաստանի ավտոներկրողները ցանկանում են լիցենզավորվել

Հայաստանի ավտոներկրողները կառավարությանն առաջարկում են իրենց տրամադրել գործունեության լիցենզիա: Նրանք ցանկանում են գործել հարկային դաշտում, սակայն արդեն գործող ԱԱՀ-ի փոխարեն, որը պետք է վճարեն’ ներկրվող երկրորդ ավտոմեքենայից սկսած, նրանք առաջարկում են սահմանել տարեկան հաստատագրված վճար: Նրանց համոզմամբ՝ այդ կերպ Հայաստանի բյուջեն կհարստանա 10 միլիոն դոլարով: Փետրվարի 19-ին հրավիրած ասուլիսին այդ մասին նշեց Հայաստանի Ավտոներկրողների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը: Նա ասաց, որ ավտոներկրողները նախատեսում են համապատասխան օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ: «Դալալ» հասկացողությունը պետք է վերանա մեր լեքսիկոնից: Մենք ավտոներկրող ենք, ներկրում ենք բազմաթիվ մեքենաներ և ցանկանում ենք աշխատել լիցենզավորված և հաստատագրված վճարով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Հովհաննիսյանը’ հավելելով, որ հարկային դաշտում հստակ կարգավիճակ չունենալը ստի պում է իրենց միայն մեկ մեքենա ներկրել, քանի որ երկրորդը բերելու դեպքում պետք է վճարեն 20 տոկոս Ավելացված արժեքի հարկ: «Կարծես թե գող լինենք, անկախ մեզանից երկրոդ մեքենան չենք կարողանում ներկրել»,- նշեց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ երկրորդ մեքենան իրենք ներկրում են այլ անձանց տվյալներով: Ավտոներկրողները պատրաստ են տարեկան որոշակի վճար տալ, որպեսզի ներկրվող մեքենաների քանակն անսահմանափակ լինի և չգանձվի ԱԱՀ յուրաքանչյուր մեքենայի համար՝ սկսած երկրորդից:

Հայաստան ներկրվող ավտոմեքենաների քանակն անցյալ տարի 2012 թվականի համեմատ աճել է 18.55 տոկոսով և կազմել 41 հազար 102 հատ: Ռուսաստանից ներմուծվել է 2,4 հազար մեքենա կամ ընդհանուր ցուցանիշի շուրջ 6 տոկոսը:Մեր երկիր բերված ավտոմեքենաների ընդհանուր քանակի մոտ 61.5 տոկոսը կամ 25 հազար 257 մեքենա ունեցել է մինչև 5 հազար դոլար արժեք: Ավտոմեքենաների ներկրումը Հայաստան վերջին տարիներին դրսևորում է աճի միտում: 2009-ին մեր երկիր է բերվել 17 հազար 296 մեքենա, 2010-ին՝ 20 հազար 297, 2011-ին՝ 29 հազար 388 մեքենա, 2012-ին՝ 34 հազար 672:

Հետևեք մեզ նաև Telegram-ում