Աշոտյանը Փաշինյանին հիշեցրեց նրան համալսարանից հեռացնելու պատճառները

Հայաստանում կրթական համակարգն այս պահին ապաքաղաքականացված է, քան երբևէ: Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ պատասխանելով ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցին, որը վերաբերում էր տնտեսագիտական համալսարանում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ատենախոսության ընթացքում լրագրողների աշխատանքի խոչընդոտմ ան դեպքերին: «Ես ցանկանում եմ հիշեցնել, որ այդ դեպքից հետո համալսարանի ուսխորհրդի անդամները ներողություն են խնդրել այն մարդկանցից, ում վիրավորել են: Ես կարծում եմ, որ շատ լավ է այն հանգամանքը, որ այդ դեպքից հետո մենք քաղաքական դրդապատճառներով ոչ մի ուսանողի չենք հեռացրել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Աշոտյանը՝ Փաշինյանին հիշեցնելով, որ նրան հեռացրել են ԵՊՀ-ից հենց քաղաքական դրդապատճառներով և նա պետք է ողջունի այս հանգամանքը:

Աշոտյանը Փաշինյանին կոչ արեց նաև կրթության վերաբերյալ հարցադրումներն անել ավելի հանգիստ տոնով, քանի որ կրթությունը չի ընդունում չափից շատ հռետորաբանություն: «Հայտնի է, որ այժմ դուք բանավեճի մեջ եք այլ գործիչների հետ, թե ով ավելի շատ մարդ կհավաքի մարտի 1-ին’ դո՞ւք’ Մյասնիկյանի արձանի մոտ, թե՞ նրանք’ Ազատության հրապարակում: Եթե դուք շարունակեք ձեր հարցադրուները նման կերպ հնչեցնել, չեմ կարծում, որ դուք կկարողանաք ավելացնել ձեր հետևից եկողների թիվը»,- ասաց Աշոտյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում