ՏԿՆ-ում ներկայացվել են համայնքների խոշորացման մոտեցումներն ու սկզբունքները

Տարածքային կառավարման նախարարությունում այսօր հասարակական, միջազգային կազմակերպությունների, գիտական եւ փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների մասնակցությամբ կայացած հանդիպմանը ներկայացվել են համայնքների խոշորացման մոտեցումներն ու սկզբունքները: Ինչպես տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, բացելով հանդիպումը’ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կա ռավարման նախարար Արմեն Գեւորգյանը նշել է, որ տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման համակարգը բավականին լուրջ բարեփոխումների նախաշեմին է: «Համայնքների խոշորացման հարցը տարբեր ձեւաչափերով քննարկվել է, մշակվել ու հաստատվել են հայեցակարգերը, եւ արդեն ժամանակն է, որպեսզի քննարկումներից ու հայեցակարգերից անցում կատարվի գործնական քայլերի»,-նշել է փոխվարչապետը:

Ակնկալվում է, որ խոշորացման բարեփոխումներով համակարգի զարգացման համար նոր նախադրյալներ ու պայմաններ են ստեղծվելու: Բարեփոխումների իրականացումը, ըստ կատարված վերլուծությունների, մի շարք կարեւոր արդյունքներ կարձանագրի, այդ թվում’ համայնքների տնտեսական արդյունավետության, ՏԻՄ-երի նկատմամբ քաղաքական դաշտի հետաքրքրության բարձրացում, ապակենտրոնացման քաղաքականության լիարժեք իրականացման հնարավորության ստեղծում:

Փոխվարչապետը նախաձեռնված հանդիպումները կարեւոր է համարել ընտրված մոդելները բազմակողմանի, բոլոր ուղղություններով քննարկելու տեսանկյունից: Նա տեղեկացրել է, որ տեղերում նույնպես վերջին շրջանում ինչպես Տարածքային կառավարման նախարարության, այնպես էլ տարբեր կազմակերպությունների նախաձեռնությամբ հանդիպումներ եւ քննարկումներ են անցկացվում: «Սա այն խնդիրն է, որն, իրոք, պետք է քննարկվի, որի մասին պետք է խոսվի, պետք է ասվի եւ դրականը, եւ բացասականը: Այդ քննարկումների, հանդիպումների արդյունքում է ծնվելու այն արդյունավետ լուծումներ, որով մենք պետք է առաջնորդվենք»,-ընդգծել է փոխվարչապետը:

Այնուհետեւ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը եւ «Համայնքների ֆինանսիստների միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար, փորձագետ Վահան Մովսիսյանը ներկայացրել են խոշորացման երկու’ փնջային եւ շրջանային մոդելների հիմնական մոտեցումները, այն նպատակները, որոնց ակնկալվում է հասնել, ինչպես նաեւ հնարավոր ռիսկերն ու մարտահրավերները:

Արմեն Գեւորգյանն ու Վաչե Տերտերյանը պատասխանել են նաեւ ներկաների բազմաթիվ հարցերին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ նույն ձեւաչափով հանդիպումները կշարունակվեն’ արդեն կոնկրետ թեմաներ քննարկելու համար: Քննարկումների արդյունքներն ու ներկայացված առաջարկությունները հաշվի կառնվեն բարեփոխումների իրականացումն ապահովող օրենսդրական փաթեթի մշակման ընթացքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում