Շուտով կսկսվեն նաև ՄՄ-ին անդամակցության պայմանագրի նախապատրաստման աշխատանքները

Մաքսային միությանը և Եվրասիական տնտեսական տարածքին Հայաստանի միանալու «ճանապարհային քարտեզ»-ով իրականացվող որոշակի աշխատանքներից հետո կողմերը կանցնեն պայմանագրի նախապատրաստմանը: Այդ մասին ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը’ անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մարտի 5-ի հայտարարությանը:

«Դա ընթցակարգ է, մենք ունենք հաստատված համապատասխան «ճանապարհային քարտեզ», որի համաձայն, կախված նրանից, թե ինչպես ենք առաջ շարժվում, որոշակի աշխատանքներ կատարելուց հետո, պետք է անցնենք պայմանագրի նախապատրաստմանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Ավանեսյանը:

Պուտինը հնարավոր էր համարել անցնել ապագա Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու մասին պայմանագրի նախագծի պատրաստմանը և հավելել, որ այդ աշխատանքի ընթացքում հարկավոր Է կշռադատել ինտեգրացիոն գործընթացների բոլոր մասնակիցների համար դրական ու բացասական բոլոր գործոնները:

Հարցին՝ Հայաստանը կշռադատե՞լ է այդ գործոնները, ՀՀ էկոնոմիկայի նախարարը նշեց. «Իհարկե, Հայաստանը փորձել է կշռադատել դրական և բացասական կողմերը, բազմիցս դրանք ներկայացվել են»:

Միաժամանակ Վահրամ Ավանեսյանը չի գտնում, որ Ուկրաինայի հետ կապված՝ ՄՄ ինտեգրացիոն գործընթացները փակուղի են մտնում: Նրա կարծիքով, այն ինտեգրացիոն գործընթացը, որն սկսել է Հայաստանը ՄՄ-ի հետ, շարունակում է մնալ մեր երկրի առաջնահերթ խնդիրներից մեկը:

Մաքսային միությունը վերպետական տնտեսական կառույց է, որի կազմում են Ռուսաստանը, Ղազախստանն ու Բելառուսը: 2013 թվականի սեպտեմբերի 3-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի ցանկության մասին: Դեկտեմբերի 24-ին Մոսկվայում տեղի ունեցավ անդամ- պետությունների ղեկավարների հանդիպումը, որի ժամանակ ստորագրվեց նաեւ Հայաստանի’ Մաքսային միությանն անդամակցելու համար նախատեսված «ճանապարհային քարտեզը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում