ՀՀ քաղաքացիները Մոլդովա կայցելեն առանց մուտքի վիզայի

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ այսօր կայացել է կառավարության հերթական նիստը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ կառավարությունը որոշել է «Արմենիա վայն» ՍՊԸ կողմից ներմուծվող 300 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգել մինչև 2017թ. մարտի 1-ը: Գործարանը հիմնադրվել է 2008 թվականին: 2010-ից սկս ած արտադրում է գինի, որը բացի ներքին շուկայից նաև արտահանվում է: Հիմնադրման օրվանից մինչև օրս ընկերությունում կատարվել է մոտ 10 մլրդ դրամ ներդրում: Այժմ «Արմենիա վայնը» կառուցում է փրփրուն գինու (շամպայնի) արտադրամաս, որի սարքավորումների ներմուծման ժամանակ ԱԱՀ գումարի վճարումը կառավարության որոշմամբ հետաձգվել է երեք տարով: Ներդրումային նոր ծրագրով Արագածոտնի մարզում կառուցվում է կոնյակի արտադրամաս, որը լինելու է խաղողի վերամշակումից մինչև պատրաստի կոնյակի թողարկման համար անհրաժեշտ նորագույն սարքավորումների և տեխնոլոգիանե րի մի ամբողջ համալիր: Կատարվելիք 2.57 մլրդ դրամի ներդրման շնորհիվ հնարավոր կլինի արտադրանքի ծավալը հասցնել տարեկան 4.7 մլրդ դրամի և ընդլայնել արտահանման ծավալը: Քսան նոր աշխատողների միջին աշխատավարձը կհասնի 188 հազար դրամի:

Կառավարության որոշմամբ «Կորսան-կորվիամ կոնստրուկցիոն» բաժնետիրական ընկերության Հայաստանի մասնաճյուղին թույլատրվել է երեք տարով երկարաձգել ներմուծված ապրանքների նկատմամբ «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը: Նշված բաժնետիրական ընկերությունը 2012թ. ճանաչվել է Հայաստանի Հանրապետության և Ասիական Զարգացման Բանկի կողմից համատեղ ֆինանսավորմամբ իրականացվող Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրով հայտարարված ճանապարհահատվածների վերակառուցման և բարելավման միջազգային բաց մրցույթի հաղթող և Հայաստան ներմուծել համապատասխան սարքավորումներ: Դրանց շահագործումը շարունակելու նպատակով ընդունվել է սույն որոշումը: Ծրագրի իրականացման արդյունքում կստեղծվեն ենթատարածաշրջանային տարանցիկ ճանապարհներ, կմեծանան առևտրի շրջանառությունը և մրցակցությունը, կնվազեն տրանսպորտային ծախսերը:

Գործադիրն իր որոշումներով հաստատել է իր նախկին երկու որոշման փոփոխությունները, որոնցից առաջինը վերաբերում է թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման, մյուսը’ օղու ներմուծման արտոնագրման կարգերին: Երկու դեպքում էլ նպատակը օրենսդրական բարեփոխումն է, տնտեսվարող սուբյեկտների պատասխանատվության շրջանակի նվազումը:

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Փոխադրամիջոցների գույքահարկի մասին» օրինագծին, «Հարկերի մասին» և ևս երեք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որը «Անշարժ գույքի հարկի մասին» օրենքի հետ մեկ միասնական փաթեթով կներկայացվի ՀՀ Ազգային Ժողով: Նշված օրինագծի մշակումը բխում է ՀՀ կառավարության 2013թ. հաստատած «Գույքահարկի հարկման համակարգի արդյունավետության բարձրացման ուղիները» հայեցակարգից, ինչպես նաև Գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագրից: Նախագծ երի փաթեթի կարգավորման առարկան փոխադրամիջոցների գույքահարկի հաշվարկման և վճարման, ինչպես նաև տեսչական հարկերի հետ կապված հարաբերություններն են:

Նիստում հավանություն է տրվել «Վերահսկիչ պալատի մասին» և «Ազգային Ժողովի կանոնակարգ» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծերի փաթեթին, որի ընդունմամբ նշված օրենքները կհամապատասխանեցվեն ֆինանսական վերահսկողության միջազգային ստանդարտներին, ինչպես նաև կվերացվեն «Վերահսկիչ պալատի մասին» գործող օրենքի տարընթերցումները:

Գործադիրը քննարկել է ՀՀ ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանի’ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագիծը, որով առաջարկվում է գործող օրենքի դրույթները տարածել նաև իրավաբանական անձանց վրա: Կառավարությունն ընդհանուր առմամբ դեմ չէ առաջարկությանը, հատկապես որ միջազգային պրակտիկայում համանման փորձ արդեն կա: Սակայն նկատի առնելով եզրակացության մեջ շարադրված հանգամանքները, հեղինակին առաջարկվել է առայժմ ձեռնպահ մնալ նախա գծի քննարկումից և դրան անդրադառնալ շահագրգիռ շրջանակներում քննարկելուց հետո’ ելնելով դրա արդյունքներից: Վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ «անհրաժեշտ է առաջին հերթին հարցը քննարկել բիզնեսի հետ, հետո որոշում ընդունել, քանի որ մեր հասարակությունը պարտադիր վճարների նկատմամբ ունի դիրքորոշում, այն է’ առանց բոլոր մասնակիցների քննարկման, ում վերաբերելու է այդ պարտադիր վճարը, նման նորմ ընդունել չի կարելի: Դա նշանակում է, որ այդ ամբողջ փուլը մենք պետք է անցնենք, առևտրային բանկերի հետ պետք է քննարկենք, ձեռնարկությունների հետ պետք է քն նարկենք, որից հետո միայն այս օրենսդրական փոփոխությունը ներկայացնենք ԱԺ, չնայած, որ նախագծում նշված փաստարկների հետ մենք համաձայն ենք»:

Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով:

ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական կամ պաշտոնեական պարտականությունները կատարելիս զոհված’ հետմահու «Հայաստանի ազգային հերոս» ՀՀ բարձրագույն կոչում ստացած կամ «Մարտական խաչ» շքանշանով պարգևատրված անձի ընտանիքին ամենամսյա պարգևավճարի նշանակման և վճարման կարգը: Զոհված’ Հայաստանի ազգային հերոսի ընտանիքի պարգևավճարի չափը սահմանվել է 250 հազար դրամ, զոհված’ առաջին աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով պարգևատրված անձի ընտանիքի պարգևավճարի չափը’ 150 հազար դրամ, երկրորդ աստիճանի &laqu o;Մարտական խաչ» շքանշանով պարգևատրված անձի ընտանիքի պարգևավճարի չափը’ 100 հազար դրամ: Որոշումը տարածվում է 2014թ. հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

Նիստում բնակչության զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրով մասնագիտական ուսուցման դասընթացում ընդգրկվող գործազուրկին վճարվող կրթաթոշակի ամսական չափը սահմանվել է «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն աշխատավարձի 50 տոկոսը:

Կառավարությունը սահմանել է երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը’ ըստ նոր ծնված երեխայի հերթական կարգաթվի’ առաջին երեխայի ծնվելու դեպքում’ 50 հազար դրամ, երկրորդ երեխայի ծնվելու դեպքում’ 50 հազար դրամ, երրորդ երեխայի ծնվելու դեպքում’ 1 մլն դրամ, չորրորդ երեխայի ծնվելու դեպքում’ 1 մլն դրամ, հինգերորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու դեպքում’ 1 մլն 500 հազար դրամ:

ՀՀ կառավարությունը հաստատել է խաղալիքների անվտանգության տեխնիկական կանոնակարգը, որի համաձայն կիրականացվի օրենսդրության և գործելակերպի համապատասխանեցումը միջազգային և եվրոպական չափանիշներին: Ե՛վ Հայաստանում, և՛ մյուս երկրներում շուկայահանված հայկական արտադրանքը կլինի անվտանգ:

ՀՀ կառավարության որոշմամբ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության համակարգում գտնվող և տարբեր վայրերում տեղակայված երեք միավոր գույքային համալիրներն ամրացվել են ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչության աշխատակազմին: Ներգրավվելիք կառուցապատողները կնորոգեն և կպահպանեն նշված գույքը: Կնորոգվեն նաև նախարարության կառավարմանն հանձնված Ստեփանավանի օդանավակայանի շենք-շինությունները, թռիչքուղին, օդանավերի սպասարկման անգարը և այլն, կապահովվի հայ-ռուսական հումանիտար կենտրոնի գործունեությունը:

Կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնց արդյունքում հանվել է կենտրոնական դեպոզիտարիումի և այլ ենթապահառուների կողմից պետական արժեթղթերի անվանատիրոջ հաշիվների վարման արգելքը:

Կառավարության որոշմամբ ՀՀ 2014թ. պետբյուջեով «Ավելացված արժեքի հարկի վերադարձ» ծախսային ծրագրով նախատեսված հատկացումների միջեռամսյակային տեղաշարժի միջոցով 4.5 մլրդ դրամ ս.թ. չորրորդ եռամսյակից տեղաշարժվել է ս.թ. առաջին եռամսյակ’ արտահանողներին օրենքով սահմանված կարգով ԱԱՀ-ի վերադարձն ապահովելու նպատակով:

ՀՀ քաղաքացու անձնագիրը (կենսաչափական տվյալներով) և նույնականացման քարտը սեղմ ժամկետում’ մեկ կամ երեք աշխատանքային օրում պատրաստել և քաղաքացուն հանձնել հնարավոր չէ մարզերում, ուստի նախկին համապատասխան որոշման լրացմամբ կառավարությունն այդ գործընթացի համար սահմանել է հինգ օր, ինչի արդյունքում էապես կբարելավվի քաղաքացիներին մատուցվող անձնագրային ծառայությունների որակը:

Նիստում հաստատվել է ՀՀ տեղական ինքնակառավարման մարմիններին բնակչության պետռեգիստրի տեղեկատվական համակարգից տվյալներ տրամադրելու կարգը:

Գործադիրն իր որոշմամբ ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչության հաշվեկշռում հաշվառված հանրակացարաններում երկար տարիներ բնակվող ինը տեղաբնակ բնակիչներին է նվիրել իրենց զբաղեցրած բնակելի տարածքները:

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի 2014թ. ծրագրին և միջոցառումների ցանկին, սահմանել, որ ՀՀ սփյուռքի նախարարությունը փառատոնի ծրագրի իրականացման համակարգող մարմինն է: Ակնկալվում է, որ որոշման ընդունումը կնպաստի մշակույթի ոլորտում համահայկական մասնագիտական ներուժի հայտնաբերմանն ու համախմբմանը, սփյուռքի ուծացման և լեզվամշակութային ինքնության կորստի դեմ պայքարին:

Պետական մրցանակների դափնեկիր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյանին նվիրված գիրք-ալբոմի հրատարակման, «Դվին» հնավայրի պեղումների և պեղավայրի ամրակցման աշխատանքի իրականացման, ժամանակակից հայ մուլտիպլիկացիայի զարգացմանն աջակցելու նպատակով կառավարությունը հատկացրել է մոտ 50 մլն դրամ:

Գործադիրը որոշել է ստեղծել «Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբ» ՊՈԱԿ, սահմանել, որ դրա նպատակներն են երաժշտարվեստի բնագավառում հասարակության հոգևոր պահանջների ձևավորումն ու բավարարումը, ազգային երաժշտական-կատարողական արվեստի ավանդույթների պահպանումն ու զարգացումը, դասական և ժամանակակից լավագույն երաժշտական ստեղծագործությունների կատարումը: ՊՈԱԿ-ին թույլատրվել է նաև իրականացնել հետևյալ ձեռնարկատիրական գործունեության տեսակները’ երաժշտական ստեղծագործությունների կլավիրների, պարտիտուրների ստեղծում և իրացում: Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողների նախաձեռնությամբ 2005թ. ստեղծված նվագախումբը անցած տարիների ընթացքում ապացուցել է իր կենսունակությունը և բարձրարվեստ համերգներով մեծ ճանաչում ձեռք բերել:

ՀՀ կառավարությունը սահմանել է հանրակրթության ոլորտում իրականացվող կրթական բնույթի առարկայական մրցույթների, մրցաշարերի, օլիմպիադաների չափորոշիչները և այդ միջոցառումները ճանաչելու և երաշխավորելու կարգը: «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքի համաձայն այդ չափորոշիչներն ու կարգը կարող են ԱԱՀ-ից ազատման հիմք հանդիսանալ:

Կառավարության որոշմամբ վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման արտոնագիր է տրվել «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ին: Մեկ այլ որոշմամբ ատոմային էներգետիկայի բնագավառում արտոնագրի տրամադրման գործընթացը կենտրոնացվել է մեկ մարմնում’ ՀՀ ԿԱ միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեում:

Գործադիրը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Մոլդովայի Հանրապետության կառավարությունների միջև քաղաքացիների առանց մուտքի վիզայի այցելության համաձայնագրի կնքման առաջարկությանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում