Հայաստանն ինտեգրման իր ընտրությունը կատարում է առաջնորդվելով ազգային շահով. Վազգեն Մանուկյան

Մաքսային միությանը միանալու որոշման կայացման ժամանակ Հայաստանն առաջնորդվել է պրագմատիկ շահերով եւ անվտանգության նկատառումներով, որոնք կարեւոր են ոչ միայն Հայաստանի, այլեւ ողջ տարածաշրջանի եւ եվրոպական տարածքի համար: Այս մասին հայտարարել է ՀՀ հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը ռումինական AGERPRES լրատվական գործակալությանը տված հարցազրույցում: «Եվ Եվրոպական մայրաքաղաքներում եւ Բրյուսելում ըմբռնումով են մոտենում Հայաստանի որոշմանը: Մաքսային միությանը միանալու որոշմանը զուգահեռ, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց միաժամանակ ԵՄ համագործակցությունից չհրաժարվելու մասին: Մենք այս երկու ուղղություններից մեկ մյուսից չենք գերադասում: Վիլնյուսում Հայաստանի եւ ԵՄ միջեւ ստորագրվեց համատեղ հռչակագիր, հույս ունենք մինչեւ այս տարվա վերջ կսահմանենք համագործակցության պարագծերը’ հաշվի առնելով նոր իրողությունները»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ’ ասել է Մանուկյանը:

Նա ընդգծել է, որ երբ Հայաստանի անկախությունից հետո նոր պետություն էր կառուցվում, երկիրն ընտրեց եվրոպական պետության մոդելը եւ դրանից չի շեղվելու: «Բարեբախտաբար, մենք տեսնում ենք, որ մեր շուրջն էլ գնում են այդ ուղղությամբ, որը ապագայի նկատմամբ հույս է ներշնչում»,-նկատել է Հանրային խորհրդի նախագահը:

Ինչ վերաբերում է Եվրասիական միությանը, ապա չի բացառվում տնտեսական վիթխարի ներուժով օժտված եվրասիական հսկա տարածքի վրա ԵՄ մոդելով նման միության կամ միությունների ստեղծումը: Ժամանակակից գլոբալացման պայմաններում վերջիվերջո դա է ապագան, եւ պետք չէ խանդով նայել որեւէ մեկին: «Հայաստանը, ելնելով իր ազգային շահերից եւ աշխարհագրական յուրահատուկ դիրքից, փորձելու է առավելագույնս ինտեգրվել համաշխարհային այդ համակարգերին»,-ընդգծել է Մանուկյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում