Թուրքիայում ազատ են արձակվել քրիստոնյաներին տանջահար արած մարդասպանները

Թուրքիայի Մալաթիա քաղաքում գործող հրատարակչատանը երեք քրիստոնյա միսիոներներին տանջանքներով սպանելու մեջ մեղադրվող հինգ կասկածյալներ ազատ են արձակվել: Ինչպես հաղորդում է Hurriyet Daily News-ը, նման որոշում է կայացվել այն բանից հետո, երբ Թուրքիայում սկսել է կիրառվել նոր օրենքը դատական գործի կասկածյալների վերաբերյալ, որը սահմանում է, թե մեղադրյալները, ում մեղքը չի ապացուցվել, 5 տարուց ավելի պետք է չգտնվեն կալանքի տակ: Մարտի 7-ին կասկածյալներն ազատ են արձակվել Մալաթիայի խիստ վերահսկողության բանտից:

2007 թվականի ապրիլի 18-ին Թուրքիայի Մալաթիա քաղաքում գործող «Զիրվե» հրատարակչատանը տեղի էր ունեցել սպանություն: Հինգ երիտասարդ, ներխուժելով հրատարակչատուն, մի քանի ժամ դաժանաբար տանջել էին այնտեղ գտնվող երեք աշխատակցի, որից հետո սպանել՝ կտրելով նրանց կոկորդները: Հրատարակչության երեք աշխատակիցներից մեկը գերմանացի էր, երկուսը՝ Թուրքիայի քաղաքացիներ: Այս հրատարակչությունը տպագրում և տարածում էր քրիստոնեական գրականություն: Նշվում է նաև, որ նրանք, լինելով բողոքական եկեղեցու հետևորդներ, միսիոներական գործունեություն էին ծավալում Թուրքիայում:

Թուրքիայում ընդունված նոր օրենքի արդյունքում ազատության մեջ են հայտնվել մի շարք այլ կալանավորներ ևս: Դրանց թվում է նաև «Ակոս» պարբերականի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով գլխավոր կասկածյալներից մեկը’ Էրհան Թունջելը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում