Հայաստանի էկոլոգիական խնդիրների լուծման ծրագիր են մշակում կառավարությունն ու փորձագետները

Հայաստանի առջեւ ծառացած էկոլոգիական խնդիրները լուծելու նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովը ծրագիր կմշակի: Այս մասին մարտի 11-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց բնապահպան Կարինե Դանիելյանը: Նրա խոսքով, հանձնաժողովի կազմում ոչ միայն կառավարության ներկայացուցիչներ են, այլեւ ոլորտի հասարակական կազմակերպություններ, անկախ փորձագետներ: «Մենք առաջարկությունները կներկայացնենք, թե հետագայում ինչպես դրանք կիրականացվեն, ժամանակը ցույց կտա: Հուսով եմ, որ Ազգային ժողովը նույնպես կաջակցի մեր այս ծրագրին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ’ ասաց նա:

Միջգերատեսչական հանձնաժողովի ստեղծման հրամայականն առաջացել է ՄԱԿ-ի հովանու ներքո հրավիրված «Ռիո+20» համաժողովի ժամանակ, երբ հաշվի առնելով երկրագնդի վրա տեղի ունեցող արագ փոփոխությունները’ կոչ է արվել երկրներին լուրջ քայլեր ձեռնարկել’ բնապահպանական խնդիրները կանխելու եւ լուծելու համար:

Բնապահպանական խնդիրների շարքում առանձնացնելով ջրի հարցը’ ԱԺ պատգամավոր Լյովա Խաչատրյանը նշեց, որ այդ խնդիրները միշտ էլ բարձրաձայնվում են ԱԺ ամբիոնից, ուղղակի դրանց լուծումները դանդաղ են տրվում: «Մեզ համար ուղղակի ռազմավարական անհրաժեշտություն է ջրամբարների կառուցումը, որոնց համար, սակայն, գումարներ են անհրաժեշտ»,-ասաց նա: Պատգամավորը նշեց, որ կարելի է, օրինակ, բյուջեից գումար հատկացնել’ Արփա գետի վրա ջրամբար կառուցելու նպատակով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում