Արեւմուտքի երկրները խստիվ դատապարտում են Ղրիմի հանրաքվեն

ԱՄՆ-ը մերժում է Ղրիմում անցկացված հանրաքվեի արդյունքները, Ռուսաստանի գործողությունները համարում է «վտանգավոր եւ ապակայունացնող» եւ կոչ է անում իր դաշնակիցներին ու մյուս երկրներին միջոցներ ձեռնարկել՝ Ռուսաստանին ստիպելու վճարել իր գործողությունների համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է Սպիտակ տան պաշտոնական հայտարարության մեջ:

Հայտարարությունը տարածվել է այն բանից անմիջապես հետո, երբ Ղրիմի իշխանությունները հայտնել են, որ հանրաքվեի մասնակիցների 93 տոկոսը քվեարկել է Ռուսաստանի Դաշնության կազմ Ղրիմի մտնելու օգտին:

«Միացյալ Նահանգները հաստատակամորեն պաշտպանում է Ուկրաինայի անկախությունը, ինքիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, եւ մենք մերժում ենք Ուկրաինայի Ղրիմի տարածաշրջանում անցկացված «հանրաքվեն»: Այդ հանրաքվեն հակասում է Ուկրաինայի Սահմանադրությանը, եւ միջազգային հանրակցությունը չի ճանաչի հանրահարցման արդյունքները, որն անցկացվել է սպառնալիքների եւ ահաբեկման պայմաններում»,- հայտարարել է Սպիտակ տունը:

«Մենք կոչ ենք անում միջազգային հանրակցության բոլոր անդամներին շարունակել նման գործողությունների դատապարտումը, ձեռնարկել պատասխան կոնկրետ քայլեր եւ համատեղ պաշտպանել ուկրաինական ժողովրդին եւ Ուկրաինայի տարածքի ամբողջականությունն ու նրա ինքնիշխանությունը»,- ասված է փաստաթղթում:

Ինչպես հաղորդել է Reuters-ը, Եվրամիության ներկայացուցիչները նույնպես հայտարարել են Ղրիմի հանրաքվեի արդյունքները չճանաչելու մասին: Ղրիմի շուրջ ստեղծված իրադրության վերաբերյալ համատեղ հայտարարությամբ հանդես են եկել Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուն եւ Եվրախորհրդի նախագահ Հերման Վան Ռյոմպյոյը:

Եվրախորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցը հայտարարել է, որ հանրաքվեի անցկացման փաստը կբարդացնի Ուկրաինայի ճգնաժամի լուծումը: Մարտի 17-ին Բրյուսելում տեղի կունենա Եվրամիության մեջ մտնող պետությունների արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որը նվիրված կլինի Ուկրաինայի իրադրության եւ Ռուսաստանի նկատմամբ հնարավոր պատժամիջոցներին:

Ինչպես հաղորդել է Agence France-Presse-ը, Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ուիլյամ Հեյգը Ղրիմի Ինքնավարության կարգավիճակի շուրջ անցկացված հանրաքվեն որակել է ժողովրդավարական ընթացակարգի ծաղր: Ֆրանսիայի նրա պաշտոնակից Լորան Ֆաբիուսը կոչ է արել Ռուսաստանին «ճանաչել Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»:

Մինչդեռ Ղրիմի Ինքնավար Հանրապետության վարչապետ Սերգեյ Ակսյոնովը եւ Գերագույն խորհրդի խոսնակ Վլադիմիր Կոնստանտինովը Սիմֆերոպոլում կայացած տոնական համերգի մասնակիցներին, որը նվիրված էր Ղրիմի կարգավիճակի շուրջ հանրաքվեին, շնորհավորել են Ռուսաստանի կազմի մեջ մտնելու կապակցությամբ:

«Արդեն այժմ բոլորի համար ակնհայտ է՝ մենք դա արեցինք, մենք հաղթեցինք: Հենց մենք՝ ղրիմցիներս, այս երկու շաբաթվա ընթացքում գլխիվայր շրջեցինք աշխարհը եւ ասացինք, որ վերադառնում ենք տուն՝ Ռուսաստան»,- նշել է Կոնստանտինովը՝ ելույթ ունենալով համերգի մասնակիցների առջեւ:

Նրան աջակցել է Ղրիմի վարչապետը: «Թանկագին բարեկամներ, ողջունում ու շնորհավորում եմ ձեզ այս նշանակալի օրվա կապակցությամբ: Մենք գնում ենք տուն: Մենք ձեզ հետ միասին դա արեցինք շնորհիվ ձեր աջակցության, շնորհիվ Ռուսաստանի, ռուս ժողովրդի ու նրա նախագահի աջակցության, եւ մեր այս հաղթանակը ոչ ոք չի խլի»,- ասել է Ակսյոնովը:

Դրանից հետո համերգի մասնակիցները լսել են Ռուսաստանի օրհներգը, որն ավարտվել է տոնական հրավառությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում