Երևանում շրջող «ոսկեջրած» մեքենայի տերը պնդում է, որ որևէ օլիգարխի կամ պաշտոնյայի հետ կապ չունի

Նախօրեին Երևանում հայտնված «S» դասի մերսեդեսը իրարանցում է առաջացրել մայրաքաղաքի բնակիչների շրջանում: Բանն այն է, որ մեքենան արտաքինից ոսկեջրածի տպավորություն է թողել: Ոսկեջրած «Մերսեդեսների» մասին հայ հանրությունը տեղյակ է հեռուստատեսային ռեպորտաժներից, որտեղ պատմվում է սեփական ավտոմեքենաները ոսկեջրելու՝ արաբ շեյխերի սովորության մասին: Եվ այս ֆոնին՝ ավտոմեքենայի հայկական համարանիշները և ոսկեգույն լինելը բազում հարցեր էր առաջացնում: «Հայկական Ժամանակ»-ի թղթակցին երեկ հաջողվել է կապվել սենսացիոն մեքենայի սեփականատիրոջ հետ և նրանից մեկնաբանություններ խնդրել: Մեքենայի 21-ամյա տերը հավաստիացրել էր, որ որևէ օլիգարխի կամ բարձրաստիճան պաշտոնյայի հետ կապ չունի:

Երևանում հայտնված ոսկեգույն «Մերսեդեսի» տերը, պարզվում է, Երևանի բնակիչ Հայկ Վարդանյանն է: Հայկը շենգավիթցի է՝ «երրորդմասցի», 21 տարեկան: Նրա հայրը գործարար է, ասում է՝ լայն հանրությանը ոչ հայտնի: Հայկը թերթի թղթակցի հետ զրույցում պատմել է, որ ոսկեգույն մեքենաներ տեսել է Դուբայում, իսկ համացանցում ու սոցիալական ցանցերում բավականին երկար ժամանակ հետաքրքրվել է դրանցով: Նա ասել է, որ իր մեքենան ոչ ոսկուց է, ոչ էլ ոսկեջրված: Ըստ Հայկի, դրա մակերեսը ծածկվել է քրոմե ժապավենով, այսպես ասած՝ «պլյոնկայով»՝ թաղանթով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում