Արմեն Աշոտյանը չի բացառել Պոլիտեխնիկ ու ճարտարապետաշինարարական համալսարանների վերամիավորումը

Հայաստանի պետական ճարտարագիտական եւ ճարտարապետաշինարարարական համալսարանները հնարավոր է կրկին վերամիավորվեն: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նրա խոսքով’ նման փոփոխությունը դրական ազդեցություն կունենա բուհի հետագա զարգացման վրա: «Մենք մոտ ապագայում այդ քայլերը կձեռնարկենք: Երկու բուհերը կմիավորվեն’ ինչպես դա եղել է խորհրդային տարիներին», -«Արմենպրես»-ի հաղորդմամբ’ ասաց նա, հավելելով, որ Պոլիտեխնիկը պետք է քայլեր ձեռնարկի վերականգնելու իր նախկին փառքը, որպես բուհական համակարգի երբեմնի առաջնորդներից մեկը:

Ինչ վերաբերում է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) ռեկտոր Արա Սերգեյի Ավետիսյանի լիազորությունները ռեկտորի պաշտոնում դադարեցնելու պատճառների հետ կապված ասեկոսեներին, Աշոտյանը

նշեց, որ տվյալ հարցի մեջ որեւէ սենսացիա պետք չէ փնտրել: «Նախկին ռեկտորը մնում է կրթության եւ գիտության համակարգում»,-հավելեց նախարարը:

Աշոտյանը հերքեց նաեւ այն շահարկումները, որոնց համաձայն’ Արա Ավետիսյանը հրաժարական է ներկայացրել բուհում «Դեմ եմ»-ի ակցիան կանխել չկարողանալու պատճառով: «Ռեկտորի հրաժարականը դրա հետ կապ չունի: «Դեմ եմ»-ի ակցիան անցել է հանգիստ եւ չի խանգարել կրթական գործընթացին»,-ասաց ԿԳ նախարարը:

Աշոտյանի խոսքով’ այս պահին թափուր է Երեւանի ճարտարապետաշինարարական համալսարանի ռեկտորի պաշտոնը: «Բուհում ժամանակավոր պաշտոնակատար է նշանակված պրոռեկտորներից մեկը: Մենք արդեն վաղը կորոշենք, թե այս անցումային փուլում ով է ստանձնելու բուհը ղեկավարելու պատասխանատվությունը’ մինչեւ ռեկտորի ընտրությունները»,-ասաց Արմեն Աշոտյանը:

Ինչ վերաբերում է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի նոր ռեկտորի ընտրությանը, Աշոտյանը պատասխանեց. երբ ընտրվի կիմանաք:

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով 2014թ. մարտի 18-ից կդադարեցվեն «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ)»պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտոր Արա Սերգեյի Ավետիսյանի լիազորությունները ռեկտորի պաշտոնում’ լուծելով 2011 թվականի հուլիսի 25-ին կնքված թիվ 113 աշխատանքային պայմանագիրը’ իր դիմումի համաձայն:
ՀՀ ԿԳ նախարարի հրամանով դադարեցվել են նաև ԵՊՃՇՀ ռեկտոր, պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանի լիազորություններն այդ պաշտոնում և նախարարի մեկ այլ հրամանով Հովհաննես ?Թոքմաջյանի վրա են դրվել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) ռեկտորի պարտականությունները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում