ՄԻԵԴ-ը Օջալանի գործով որոշում է կայացրել

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում է կայացրել Թուրքիայի քրդերի առաջնոր Աբդուլլահ Օջալանի գործով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով թուրքական «Ռադիկալ» պարբերականը, ՄԻԵԴ-ը որոշ կետերով բավարարել է դատական հայցը, որոշ կետերով էլ մերժել է այն:

Մասնավորապես, դատարանը միաձայն որոշում է կայացրել այն մասին, որ թունավորման փորձերի վերաբերյալ պնդումներն անընդունելի են: Երեք դեմ, չորս կողմ ձայներով որոշվել է, որ ձերբակալության պայմանների հետ կապված’ խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական համաձայնագրի երրորդ հոդվածը: Մեկ դեմ, վեց կողմ ձայներով դատարանը հայտնել է, որ խախտվել է համաձայնագրի’ բանտային պայմաններին վերաբերող հոդվածը: Ձայների երեք դեմ, չորս կողմ հարաբերակցությամբ որոշվել է, որ բանտային այցելությունների վերաբերյալ համաձայնագրի դրույթը չի խախտվել:

ՄԻԵԴ ներկայացված դատական գործում հայցվոր կողմը պնդում էր, որ Օջալանի համար նախատեսված ցմահ բանտարկությունը և ներկա բանտային պայմանները հակասում են Եվրոպայի մարդու իրավունքների համաձայնագրի կետերին: Դատական հայցում խոսվում է նաև այն մասին, որ Օջալանը բանտում կամաց-կամաց թունավորվում է քրոմով և սոդիումով:

1980-1998 թվականներին Օջալանը բնակվել է Սիրիայում, որտեղից էլ ղեկավարել է Թուրքիայում ահաբեկչական համարվող Քրդական աշխատավորական կուսակցությունը (PKK): 1998 թվականին Անկարայի ճնշման տակ Սիրիայի նախագահ Հաֆեզ Ասադը խնդրում է Օջալանին լքել երկիրը։ 1999 թվականին Քենիայում նրան ձերբակալում են և տեղափոխում Թուրքիա։ Թուրքական դատարանը Օջալանին դատապարտում է մահապատժի հայրենիքի դավաճանության մեղադրանքով, սակայն Եվրախորհրդի օրենքների համաձայն, այդ վճիռը հետագայում փոխվում է ցմահ ազատազրկման։

Հետևեք մեզ նաև Telegram-ում