Մարտի 27-ից հետո տեղումներ են կանխատեսվում

Հանրապետությունում օդի ջերմաստիճանը մարտի 21-27-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով: Առաջիկա օրերի կանխատեսումը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց ԱԻՆ Հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը: «Առաջիկա երկու օրերին ջերմաստիճանի էական փոփոխություն չի լինի, այնուհետև ջերմաստիճանի բարձրացում ենք սպասում: Արարատյան դաշտում մինչև 21 աստիճան օդի բարձրացում ենք կանխատեսում, իսկ մի շարք մարզերում’ Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնում, Լոռիում, Տավուշում, գիշերային ժամերին կարող են սպասվել 0-ից ցածր ջերմաստիճաններ: Մարտի 27-ից հետո ակտիվ ցիկլոն է սպասվում հանրապետությունում, տեղումներ կլինեն, որոնց կարիքը այս պահին շատ-շատ կա»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ’ ասաց Զարուհի Պետրոսյանը’ նշելով, որ մինչև ապրիլի առաջին հնգօրյակը կլինի տեղումնային եղանակ, բայց ջերմաստիճանի նվազում չի դիտվի:

Խոսելով Հայաստանում ապրիլին սպասվող բնութագրիչների մասին’ Զարուհի Պետրոսյանը նշեց, որ այն հայտնի է որպես անցումային ամիս, երբ միաժամանակ մեծ է արեգակնային ճառագայթումն ու ամպամածությունը: «Ապրիլը Հայաստանի տեղումնառատ ամիսներից մեկն է: Հանրապետության տարբեր շրջաններում տեղումների քանակը տարբեր է, այս տարի հուսանք ապրիլը չի առանձնանա բացասական կողմերով»,-եզրափակեց Զարուհի Պետրոսյանը:

Հարցին ի պատասխան, թե վերջին տարիներին ինչ փոփոխություններ է կրել ջերմաստիճանը Հայաստանում’ Զարուհի Պետրոսյանը նշեց, որ ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում օդի միջին տարեկան ջերմաստիճանը բարձրացել է 0.85 աստիճանով, իսկ տեղումների քանակը նվազել է: «Մինչև 2100 թվականը կանխատեսվում է, որ Հայաստանում երկու աստիճանով միջին տարեկան ջերմաստիաճանի բարձրացում կլինի»,-նշեց օդերևութաբանը’ ավելացնելով, որ այս պայմաններում անհրաժեշտ է մտածել ջրի ճիշտ օգտագործման մասին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում