Հրանտ Բագրատյանը պատրաստ է «տելեվիզորով կուկարեկու կանչել». «Դեմ եմ»-ի հանրահավաք

«Դեմ եմ» շարժման երիտասարդները ցանկանում են զերծ պահել իրենց շարժումն այս կամ այն քաղաքական ուժի կողմից սեփականաշնորհումից: Դա ակնհայտ է մարտի 22-ին Ազատության հրապարակում հրավիրված հանրահավքի ընթացքում: Չնայած երիտասարդները ելույթի համար խոսքը այս կամ այն քաղաքական ուժի ներկայացուցչին տալով հայտարարում էին, որ նրանք ՀՀ քաղաքացիներ են’ առանց հնչեցնելու որեւէ ուժի անուն, սակայն հարթակ բարձրացողները հատուկ ընդգծում են իրենց կուս ակցության անունը:

Ելույթ ունեցողների թվում էին Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ԲՀԿ անդամ Վահան Բաբայանը, ՀՅԴ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը: Հարթակ բարձրացավ նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանը, ում ելույթը չընդունվեց նույնքան ոգեւորությամբ, որքան այս կամ այն քաղաքական ուժը չներկայացնող երիտասարդների ելույթները: «Տղերք, աղջկերք, հաշվարկեք ու հաշվի առեք բոլոր ռեսուրսները’ ավելի լավ, քան մենք արեցինք»,- ասաց Հովհաննիսյանը’ ընդգծելով, որ շարժման մեջ ներգրավվողները պետք է լինեն հավասար:

Հրանտ Բագրատյանն առիթը բաց չթողեց պարտադիր կուտակային համակարգի հասցեին տարատեսակ գնահատականներ հնչեցնելու: Նրա խոսքով’ 45 տարով ներդնելու գործիք աշխարհում չկա: «Նույնիսկ ՆԱՍԱ-ին, եթե մենք ֆինանսավորենք դեպի Մարս թռչող արբանյակը, 20 տարուց ավելի պարտք չեն տա: 45 տարվա պարտքը «նոնսենս» ա, Գինեսի ռեկորդ», -ասաց Բագրատյանը’ հավելելով. «Ես այս ամբիոնից առաջարկում եմ կառավարությանն ու վարչապետին, թող ասեն, որ նման բան կա, աշխարհում, ես տելեվիզորով կուկարեկու (ծուղրուղու- խմբ.) կկանչեմ»:

Հանրահավաքի մասնակիցները վանաձորցի ակտիվիստի երեք րոպեանոց երաժշտական ստեղծագործությունը լսելուց հետո երթի դուրս եկան:

Հայաստանի Հանրապետությունում հունվարի 1-ից գործարկվում է կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգը, ըստ որի’ 1974 թվականից հետո ծնված քաղաքացիները կկատարեն 5 տոկոսի չափով պարտադիր վճարումներ’ կուտակային հիմնադրամներին: Կենսաթոշակային համակարգի մասնակիցների գումարները կառավարվելու է ֆոնդի կառավարիչների միջոցով: «Դեմ եմ» նախաձեռնությունը պայքարում է պարտադիր բաղադրիչը չեղյալ հայտարարելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում